Ակունքի գյուղապետարանը աջակցություն է հատկացրել Արցախի օգնության ֆոնդին, ակունքցի զինծառայողների ու կամավորների ընտանիքներին
ОбществоԳեղարքունիքի մարզի Ակունքի գյուղապետարանը 1 միլիոն դրամ է փոխանցել Արցախի օգնության ֆոնդին եւ 700 հազար դրամ հատկացրել ակունքցի 14 պայմանագրային զինծառայողներին ու առաջնագիծ մեկնած 4 կամավորներին: Ինչպես տեղեկացրեց Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը, Ակունքից պայմանագրային զինծառայության մեջ գտնվողները մասնակցել են ապրիլի 2-5-ին Արցախի հյուսիսային հատվածում մղվող հերոսամարտերին, իսկ 4 կամավորներն այս օրերին եւս գտնվում են առաջնագծում:»Մեր պայմանագրայիններն ու կամավորները բառի բուն իմաստով հերոսներ են, ովքեր կենաց-մահու հերոսամարտերում կարողացան կանգնեցնել ու հետ շպրտել մահացու թշնամուն եւ այսօր էլ հերոսի նման կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Գյուղապետարանը մինչ ապրիլյան հերոսամարտի օրերը եւս հաճախակի օգնում էր նրանց, բայց այսուհետ կփորձենք մեր հնարավորությունների առավելագույն սահմաններում աջակցել նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ՝ առաջնագծին, ուր հերոսի նման անպարտելի կանգնած են մեր զավակները, մեր հաղթական բանակն ու կամավորները»,-նշեց Ակունքի գյուղապետը:Արծրուն Ղարիբյանի հավաստմամբ՝ իր որդին՝ Արշավիր Ղարիբյանը, եղել է այն հայ քաջ զինվորների շարքերում, ովքեր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ հաջորդ օրերին մարտնչել են թշնամու բազմաքանակ ուժերի դեմ ու դիմակայել նրան: Ապրիլի 3-ից նույն ճակատում զինվորագրվել եւ Հայոց բանակի մարտիկների շարքերն է համալրել նաեւ Արծրուն Ղարիբյանը, ով ապրիլ ամսի մեծ մասն անցկացրել է առաջնագծում:»Հայր ու որդի նույն ճակատում հանդիպել ենք անհուն գրկախառնումով, աննկարագրելի հույզերով: Ճիշտ «Զինվորի հայրը» ֆիլմի կենդանի օրինակը ստացվեց: Մեր ազգի համար այս փորձության ժամին մենք կանք ու կլինենք մեր զավակների կողքին, սուրբ հայրենյաց պաշտպանների շարքերում: Քանի չենք վերջնականորեն նվաճել խաղաղությունը, մեր տեղը մեր հայրենիքի պաշտպանական դիրքերում պետք է լինի»,-եզրափակեց Արծրուն Ղարիբյանը:
Խոսրով Խլղաթյան