Արմեն Աշոտյանը կոչ է անում աջակցել Իվետա Մուկուչյանին
ОбществоՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կոչ է անում աջակցել «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանին: Այս մասին Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի ՖԲՀ, ապրիլյան պատերազմը, մեր կորուստները և սահմանային լարվածությունը իրենց դրոշմն են թողել մեր կյանքի վ րա։ Շատ բան են փոխել ու փոխում։ Միաժամանակ ուզում եմ հիշեցնել «Եվրատեսիլ»-ում մեր մասնակցի մասին։ Իվետա Մուկուչյանը, ով բոլորիս նման այս օրերին լարված էր և ապրումներով լի, ով, զոհված տղերքի մասին լսելով, սիրտ չուներ համերգներ տալու և ելույթ ունենալու, ներկայացնելու է Հայաստանը` մեզ բոլորիս։ Նա մեր աջակցության կարիքը ունի, մեր երկրպագության, սատարման և գովազդի։ Փորձենք մինչ մրցույթ ընկած ժամանակահատվածը օգտակար լինել նրան, որ բարձր մնա Հայաստանի անունը ու մեր եռագույնը»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա զգացմունքային LoveWave ստեղծագործությամբ:
Երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչի ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):