Թող ձեր անաչառ գրիչն այսուհետ ևս ազնվորեն ծառայի մեր ժողովրդի նվիրական նպատակներին. Տարոն Մարգարյանը շնորհավորել է լրագրողներին
ОбществоԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է.
«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ և մաղթում, որ մասնագիտական ձեր գործունեությունը մշտապես ըստ արժանվույն գնահատվի թե՛ ձեր գործընկերների և թե՛ լայն հանրության կողմից: Պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրյալ լրագրողների աշխատանքը հատկապես կարևոր է ճգնաժամային իրավիճակներում: Դրանում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք այս տարվա ապրիլի առաջին օրերին, երբ մեր լրագրողներից շատերը մեկնեցին առաջնագիծ և իրադարձությունների կիզակետից հանրությանն իրազեկեցին առաջ նագծում տիրող զարգացումների մասին, պատմեցին իրենց աչքի տեսածը՝ հաճախ նաև վտանգելով իրենց կյանքը: Նաև ձեր շնորհիվ այդ օրերին հանրությունն իմացավ մեր հերոս տղաների սխրանքների մասին, ձեր օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաջողվեց զերծ մնալ թշնամու տեղեկատվական սադրանքներից, ինչը շատ կարևոր էր այդ օրերին: Քաջառողջություն, ստեղծագործական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում բոլորիդ: Թող ձեր անաչառ գրիչն այսուհետ ևս ազնվորեն ծառայի մեր ժողովրդի նվիրական նպատակներին՝ ի բարօրություն մեր երկրի և մայրաքաղաք Երևանի»: