«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը հատեց եզրագիծը
Культура«Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը հատեց եզրագիծը:
Փառատոնային օրերին թատերասեր հանրությունը 26 ներկայացում դիտելու հնարավորություն ստացավ:
«Շնորհակալություն, որ մեզ հետ եք, որ գալիս եք, դիտում եք ներկայացումները, կիսում էիք ձեր հույզերը: Դուք էլ մասնակցում էիք փառատոնին, որովհետև առանց հանդիսատեսի չկա թատրոն, արվեստ և կյանք: Այս օրերին ցուցադրվեց 26 ներկայացում.ամեն մեկն ընտրեց այն ներկայացումը, որը սիրեց կամ չսիրեց»,-փակման արարողության ընթացքում նշեց «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը` դիմելով հանդիսատեսին:
Նա տեղեկացրեց, որ մի շարք ներկայացումներ հրավիրված են մասնակցելու այլ երկրներում անցկացվող թատերական փառատոնների: «Արմմոնո» փառատոնի տնօրենը փակման արարողության ընթացքում պատվոգրեր և խորհրդանշական նվերներ հանձնեց թատերական տոնի մասնակիցներին և աջակիցներին: Պատվոգրի արժանացավ նաև «Արմենպրես»-ի թղթակիցը:
Առանձնահատուկ կարևորվեց այն փաստը, որ փառատոնային օրերին Հայաստանում դերասանուհի Ելենա Դուդիչը ցուցադրեց Բաքվի ջարդերի մասին պատմող «Ռոմեոյի և Ջուլիետի մասին… միայն թե նրանց կոչում էին Մարգարիտա և Աբուլֆազ» ներկայացումն` ըստ գրականության ասպարեզում նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի «Սեքնդ հենդի ժամանակը» վեպի:
«Ձեր ցավն իմ ցավն է, ձեր ուրախությունը` իմ ուրախությունը: Ես միշտ ձեզ հետ եմ թե’ տխրության, թե’ ուրախության պահերին»,-նշեց Ելենա Դուդիչը:
ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ ապրիլի 29-ից մայիսի 3-ն անցկացվեց «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակում ցուցադրվեց 26 ներկայացում (Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իսրայել, Բելառուս, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան, Վրաստան և Հայաստան): «Արմմոնո-2016» փառատոնի պատվավոր հյուրերի շարքում էին Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), մոնոփառատոնի տնօրեններ Վ եցլավ Գերասը (Լեհաստան), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վյաչեսլավ Տերեշենկոն (Ռուսաստան), Անդրեյ Նովիկովը (Բելառուս), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա), ինչպես նաև անվանի փորձագետներ Մայքլ Կայթը (Իսրայել), Նատալյա Ցվարցելիձեն (Վրաստան):