ԱԻՆ հրշեջ մեքենաներում տեղադրվում են GPS սարքեր
Արմեն Երիցյանի գլխավորությամբ ՀՀ ԱԻՆ-ում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Զեկուցվել է շաբաթվա ընթացքում իրականացված ուսումնավարժանքների մասին:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետը զեկուցել է ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ աշխատանքների մասին: Ֆրանսիացի մասնագետների այցի նպատակը Վայքում, Կապանում և Ստեփանավանում իրենց կողմից տեղադրված կայանների ուսումնասիրումն է: Հիդրոմետ ծառայության տնօրենը ներկայացրել է ՀՀ-ում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
ԱԻ նախարարի գլխավոր խորհրդականը զեկուցել է հրշեջ մեքենաներում GPS սարքերի տեղադրման մասին: Արդեն 50 սարք տեղադրվել է Երևան քաղաքը սպասարկող հրշեջ մեքենաներում, 104 սարք' մարզերում, ևս 44 սարքի տեղադրումն ընթացքի մեջ է:
ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահը զեկուցել է հոկտեմբերի 10-ին նախատեսվող ընդհանուր ժողովի մասին, որտեղ կազմակերպության անդամներին կներկայացվի արհմիության մեկ տարվա աշխատանքների հաշվետվությունը: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին:
Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ՀՀ ԱԻՆ շնորհակալագրով է պարգևատրել երգիչ-երգահան Արսեն Գագիկի Գրիգորյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու և սեպտեմբերի 4-ին' արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ երգ նվիրելու համար: