ՀՀ ոստիկանության պետը կարևորել է երիտասարդներին թմրամիջոցներից զերծ պահելու պատասխանատվությունը
ОбществоՀայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի մայիսի 6-ին տեղի ունեցած նիստը վարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ով, անդրադառնալով թմրամոլության հակազդման առաջնահերթություններին, կարևորել է հատկապես պատանիներին ու երիտասարդներին այդ ախտից զերծ պահելու պատասխանատվությունը։
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Թմրամիջոցների ապօրինի շրջանառութան հետ կապված ընդհանուր վիճակի, 2015 թ. և 2016 թ. առաջին եռամսյակում արձանագրված դեպքերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառությունը վերահսկելի դարձնելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։
Հանձնաժողովի անդամներն անդրադարձան թմրամիջոցների առանձին տեսակների շրջանառության դեմ պայքարի, փոստային առաքումների միջոցով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական ներկրման ու արտահանման, հանրապետությունում թմրամիջոցների ընդհատակյա արտադրության հնարավոր սպառնալիքը կանխելուն ուղղված միջոցառումներին և մի շարք այլ հարցերի, որոնք օրախնդիր են իրավապահ, առողջապահական, կրթական և այլ գերատեսչությունների, տարածքային կառավարման մարմինների, մանկավարժների, ծնողների, ըստ էության, ողջ հասարակության համար։
Անդրադառնալով հանրային իրավագիտակցության բարձրացման և հասարակական վերահսկողության խստացման խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հակաթմրամոլային քարոզչության նշանակությունը։
Օրակարգի հարցերի քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից արվեցին գործնական առաջարկներ, կարևորվեց համագործակցությունը ինչպես գերատեսչությունների միջև, այնպես էլ համայնքների ներկայացուցիչների, ուսուցչական կոլեկտիվների, լրատվամիջոցների և շահագրգիռ այլ կառույցների հետ։
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ավարտին հաստատվեց 2016 թվականի աշխատանքային պլանը, որով սահմանված են գերատեսչությունների գործունեության ոլորտները, միջանկյալ ծրագրերը և դրանց իրականացման ժամկետները»։