Իսլամիստների «ահուսարսափը»՝ եզդի և քուրդ կին մարտիկները (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Al Arabiya-ն ուշագրավ ֆոտոանդրադարձով ներկայացրել է մի խումբ քաջ եզդի ու քուրդ կանանց, ովքեր, թողնելով ընտանիքներն ու ձեռքն առնելով զենքը, երդվյալ պայքարի են ելել իսլամիստների դեմ:
Աղբյուրը մանրամասնում է, որ երբ 2014թ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրավեց Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաքը, մի խումբ երիտասարդ եզդի կանայք որոշեցին չհանձնվել ու կռվել իսլամիստների դեմ: Ավելի ուշ նրանց միացան նաև քրդերը:
«Նրանք գերեվարեցին իմ հարևաններից 8 հոգու ու եղբորս երիտասարդ կնոջը: Հետո տեսա, թե ինչպես աչքիս առաջ սպանեցին երեխաներին»,-պատմել է 21-ամյա Ասեմա Դահիրը, ում կյանքի անբաժանելի մասն են այժմ դարձել զինվորական հագուստն ու ինքնաձիգը: Երիտասարդ աղջիկն անդամակցում է կանանց այն ջոկատին, որին հաջողվել է Իրաքի հյուսիսում զգալի հետ մղել ահաբեկիչներին ու կանխել նրանց առաջընթացը:
Աղբյուրը նկատում է, որ հատկապես եզդի և քուրդ փոքրամասնությունների հանդեպ ԻՊ-ի աննկարագրելի դաժան վերաբերմունքը դրդեց այս կանանց կռվի մեջ մտնել` հանուն պաշտպանության:
Երեսուն կնոջից բաղկացած ջոկատում անդամներ կան նաև հարևան Սիրիայից: Կին մարտիկների խոսքերով՝ ամենից շատ իրենք ցանկանում են վրեժ լուծել ԻՊ-ի ձեռքով բոլոր սպանված, նրանց կողմից ստորացված, բռնաբարված ու գերեվարված կանանց համար:
«Ինձ համար անձնական կյանք այլևս չկա. այժմ ես առաջնային եմ համարում մեր քույրերին ու մայրերին թշնամուց պաշտպանելը: Ես չեմ հավատում գենդերային առանձնահատկություններին: Եթե տղամարդը կարող է զենքի հետ լավ վարվել, ուրեմն կինն էլ կարող է դա անել: Բացի այդ, տղամարդիկ ավելի շատ են ոգևորվում, երբ տեսնում են, որ կանայք ևս ռազմի դաշտում են: Նաև մենք գիտենք, որ ԻՊ-ի գրոհայինները շատ են վախենում կին մարտիկներից, քանի որ համոզված են, որ կնոջ կողմից սպանվելու դեպքում դրախտ չեն ընկնի: Սա մեզ ոգևորում է նրանց դեմ պայքարում»,-ասել է ջոկատի 24-ամյա հրամանատար Հասեբա Նաուզադը:
Կինը նաև պատմել է, որ ինքը հնարավորություն է ունեցել ամուսնու հետ Գերմանիա արտագաղթելու, սակայն հրաժարվել է` որոշելով չփախչել ու պայքարել թշնամու դեմ: Մինչդեռ նրա ամուսինը մեկնել է Գերմանիա ու այժմ այնտեղ է բնակվում:





