Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Անմահ գունդ» ակցիան
ОбществоՀայաստանում առաջին անգամ անցկացվեց «Անմահ գունդ« հասարակական ակցիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին: Ակցիային մասնակցում էին բազմաթիվ քաղաքացիներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, դեսպանատան աշխատակիցներ: «Անմահ գունդ» ակցիայի մասնակիցներ ը Սարյանի պուրակից երթով շարժվեցին դեպի Մատենադարան, որտեղից ավտոբուսներով շարժվեցին Հաղթանակի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների հիշատակին: Ակցիայի մասնակիցները տանում էին իրենց պապերի և հայրերի լուսանկարները:
Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ ակցիայի նպատակն է հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ովքեր ջարդել են ֆաշիզմի քիթը: «Նրանց շարքերում եղել են հայ ժողովրդի 600 հազար զավակներ, որոնց կեսը չի վերադարձել: Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայերը մեծ փառք ու պատիվ են բերել մեզ: Մենք ունեցել ենք 4 մարշալ, 64 գեներալ, 106 հերոսներ և կրկնակի հերոսներ: Մեզ համար մեծ պատիվ է, որ Բեռլինում հնչեց հայկական քոչարին : Մենք հաղթած ժողովուրդ ենք: Մենք ոչ միայն մասնակցել ենք Հայրենական մեծ պատերազմին, այլ մենք մեր համեստ լուման ենք ունեցել այդ հաղթանակում, և կարող ենք ասել, որ մենք հաղթանակած ժողովուրդ ենք»,- եզրափակեց Տաճատ Սարգսյանը:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն «Արմենպրես»-ի հետ զրույցում, շնորհավորելով հայ ազգին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձի կապակցությամբ, ուրախությամբ նկատեց, որ «Անմահ գունդ» ակցիային մասնակցում են բազմաթիվ երիտասարդներ: «Ես շատ ուրախ եմ, որ այսօր տեսնում եմ այսքան երիտասարդների, ինչը խոսում է այն մասին, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել: Սա խոսում է այն մասին, որ երիտասարդ սերունդն ընդունում է էստաֆետը»,- նշեց դեսպանը:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ավագ զինղեկ գնդապետ Նիկոլայ Ավանեսյանն ընդգծեց, որ ակցիան նպաստելու է նաև երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: «Ռազմահայրենասիրական դաստիարակությունն ամեն երեխա պետք է իր վրա զգա, դրա համար ես այսօր հավաքել եմ իմ աշակերտներին, որոնց շատ հարգում ու սիրում եմ, նրանցից յուրաքանչյուրը մի մարշալի, մի գեներալի, ծովակալի նկար վերցրած եկել է երթին մասնակցելու: Բոլորը մեծ սիրով եկել են այս ակցիային մասնակցելու»,- ասաց Ավանեսյանը:
Ակցիայի կազմակերպիչներն են Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, ՀՀ Պատերազմի վետերանների միությունը, Ռուս-հայկական երիտասարդական միությունը, ռուսական մշակույթի «Հարմոնիա» միջազգային կենտրոնը, Հայաստանի խորհրդային սպաների միությունը: