Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձը Արտաշատում նշվեց շքերթով
КультураԻնչպես ամեն տարի այս օրը` մայիսի 9-ին, մարզկենտրոն Արտաշատում հայկական եւ ռուսական զորամասերի զինվորների եւ սպայական անձնակազմի մասնակցությամբ տեղի ունեցավ շքերթ` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 71 եւ Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձերին: Վաղ առավոտից Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի հուշակոթողին հարող այգին բազմամարդ էր: Այնտեղ էին մարզային ու քաղաքային կառույցների ներկայացուցիչները, վետերանները, ԵԿՄ անդամները, մարզաբնակներ: Հնչում էին խորհրդային տարիների հաղթանակին նվիրված երգեր:
Տոնական միջոցառումը սկսվեց ՀՀ ՊՆ Արտաշատի Կապի ուսումնական զորամասի սպայական եւ զինվորական անձնակազմի, ՌԴ Արտաշատի սահմանապահ զորամասի սպայական անձնակազմի, Պատանի երկրապահների մասնակցությամբ շքերթով, որին ուղեկցում էր նաեւ ավտոշարասյունը: ՀՀ եւ ՌԴ հիմները հնչելուց հետո մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:
Միջոցառմանը բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկավ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով պատմական անդրադարձ կատարեց Հայրենական Մեծ պատերազմի տարիներ, խոսեց ռազմադաշտ մեկնած եւ հերոսաբար կռված հայորդիների սխրանքից: «Թվում էր, թե Հայրենական Մեծ պատերազմի ավարտով լռելու են կրակոցի ձայները: Սակայն, հայ ազգը խաղաղ երկնքի տակ ապրեց մի քանի տասնամյակ: Սկսվեց մի նոր գոյամարտ` Արցախի ազատագրման համար: Միախմբվեց ողջ հայ ազգը, սփյուռքը, արյունով ներկվեց սար ու ձոր… Ազատագրվեց Արցախը` ցավոք մեծ կորուստների գնով»,-ասաց Աբրահամյանը, ավ ելացնելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմը եկավ ապացուցելու, որ հայ ազգը, սփյուռքը միահամուռ են: Անդրանիկի, Դրոյի, Չաուշի ոգին ու արյունը մեր զինվորների երակներում է: «Սկսած Վարդանանց պատերազմից մայիսը դարձել է մեզ համար հաղթանակների ամիս… Մեր գոյության երթին երբեք խաչընդոտ չկա»,-եզրափակեց Արտաշատի քաղաքապետը:
Արտաշատում ՌԴ սահմանապահ ջոկատի հրամանատար Նիկիտա Նիկոլայ Ալեքսեեւիչն ասաց, որ այս հաղթանակը մեզ տրվել է շատ թանկ գնով` խլելով միլիոնավոր մարդկանց կյանքեր: «Պատերազմում ընդգրկած էին երիտասարդներից մինչեւ ծերերը, ովքեր միահամուռ, մեծ նվիրումով պայքարում էին հանուն հաղթանակի, ում առջեւ մեր խորին խոնարհումն ենք այսօր արտահայտում»,-ասաց նա, ավելացնելով, որ այսօր բոլորս ենք խոնարհվում Խորհրդային բանակի յուրաքանչյուր զինվորի ու վետերանի առաջ, ովքեր իրենց նվիրումի եւ կյանքի գնով մեզ պարգեւեցին խաղաղ հայրենիք:
Ցուցադրական ելույթներով հանդես եկան հատուկ նշանակության ջոկատայինները:
Այնուհետեւ, Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը Տերունական աղոթք կարդաց եւ անցկացրեց օրհնության կարգ:
Ելույթներից հետո հուշակոթողի «Անմար կրակի»շուրջը ներկաները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին: Իրենց խոնարհումն արտահայտեցին Արարատի մարզպետարանի աշխատակիցները` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ, Արտաշատի քաղաքապետարանի, ՀՀ ՊՆ Արտաշատի Կապի ուսումնական զորամասի, ՌԴ Արտաշատի սահմանապահ զորամասի, ՀՀ Ոստիկանության, Արարատի փրկարարական վարչության աշխատակիցները, դպրոցական կոլեկտիվները, մարզկենտրոնում գործող հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչները:
Այսօր նմանօրինակ միջոցառումներ անցկացվեցին նաեւ մարզի մյուս քաղաքային եւ գյուղական համայնքներում:
Լիլիթ Մաճկալյան