Հատուկ տաղանդով, առաքինություններով օժտվածը. այսօր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է
ОбществоԱյսօր կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է: Մայիսի 12-ին մեծանուն արվեստագետը կդառնար 95 տարեկան:
«Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է սեփական ձեռքերով, խնամքով ու սիրով: Ստեղծում է կաղապարից դուրս, որպեսընտրյալ: Սովորաբար օժտում է հատուկ տաղանդով, հազար ու մի առաքինություններով ու շռայլ, շռայլ հոգով ... ԷդվարդՄիրզոյանն այդ ծնունդներից է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ճանաչված կոմպոզիտորի մասին ասել է մեր մյուս մեծը` դերասան Սոս Սարգսյանը:
Երաժշտագետների հավաստմամբ`միրզոյանական ստեղծագործություններին բնորոշ են նոր արտահայտչամիջոցները, կերպարների հոգեբանական խորությունը,
դրամատիկականի ու քնարականի օրգանական համադրումը:
Նրա ստեղծագործություններում առանձնանում են Ավետիք Իսահակյանի եւ Եղիշե Չարենցի խոսքերով գրած ռոմանսները ( «Ասում են, թե ...», «Երազ տեսա» եւ այլն), «Հայրենիքն է կանչում» խմբերգը: Կոմպոզիտորի Լարային կվարտետը հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է: Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են Թավջութակի եւ դաշնամուրի սոնատը, Սիմֆոնիան, լարային նվագախմբի եւ լիտավրների համար: Ճանաչված կոմպոզիտորը հեղինակել է նաև կինոերաժշտություն:
Հայաստանի կոմպոզիտորների միությունը 2014 թվականից կազմակերպում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ, որը կրում է մեծանուն հայ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը: Մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի երեխաներին՝տալով նրանց հնարավորություն ցուցադրելու իրենց ստեղծագործություններն ու լինելու մասնիկը հայկական մեծ կոմպոզիտորական դպրոցի:
Այս տարի 16 պատանի կպայքարի մեծանուն հայ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հաղթողի կոչման համար: Այս մասինտեղեկացրին մրցույթի կազմակերպիչ Հայաստանի կոմպոզիտորների միությունից: Մայիսի 12-ին կոմպոզիտորների միության դահլիճում կկայանա մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, Կոմիտասի անվան պանթեոն Միրզոյանի շիրիմին կայցելեն կոմպոզիտորի արվեստի երկրպագուները, մտավորականներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 20-րդ դարի հայ մեծ կոմպոզիտորի 95-ամյակին նվիրված հոբելյանական համերգ կներկայացնի: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին ՀԱՖՆ մամուլի ծառայությունից, համերգը տեղի կունենա մայիսի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Կհնչեն մեծ կոմպոզիտորի հայտնի ու սիրված ստեղծագործությունները:
Էդվարդ Միրզոյանը ծնվել է 1921 թ. Վրաստանի Գորի քաղաքում: 1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝Վարդգես Տալյանի դասարանը: 1946-48 թթ. կատարելագործվել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1948-իցդասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նրա աշակերտներից են եղել կոմպոզիտորներ Ստեփան Ջրբաշյանը,Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ: 1963թ.արժանացել է Հայաստանի, 1981թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: 1988թ. արժանացել ՀՀ մշակույթի նախարարության ԱրամԽաչատրյանի անվան մրցանակի: 2013-ից Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանվել է Էդվարդ Միրզոյանի անունով, իսկԵրևանում ստեղծվել է կոմպոզիտորի անվան լարային քառյակ: Մահացել է 2012 թ. Երևանում: