Վիրավոր զինծառայողներին արտերկրում բուժելու կառավարության որոշումը, փաստորեն, փուչիկ էր
АналитикаԱպրիլի 21-ին՝ կառավարության նիստի ժամանակ, գործադիրը հաստատել էր վիրավոր զինծառայողների բուժման, կեցության և ճանապարհածախսի համար գումար հատկացնելու կարգն ու պայմանները:
Եթե Հայաստանում գործող բժշկական հաստատությունները չկարողանան բուժել վիրավոր զինծառայողներին, ապա այդ դեպքում նրանց բուժումը պետք է կազմակերպվի արտերկրում: Հենց այս «եթե»-ից էլ պարզ է դառնում, որ դրանից հետո կառավարության որոշման մեջ ներառված բոլոր լուսավոր տեղերը ոչ միայն շատ արագ կարող են մոռացության մատնվել, այլև տարբեր մեկնաբանություններով «ջրվել»:
Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել էր, թե այդ որոշման համաձայն ֆինանսական ծախսերը հոգալու է կառավարությունը: Բուժման գումարը զինծառայողի համար պետք է ներառի վիրահատական կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման, ներառյալ` հետվերականգնողական բուժման, հիվանդանոցային պայմաններում մնալու, ինչպես նաև դեղերի հետ կապված ծախսերը: Ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար նույնպես պետք է ներառվեր օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքի մեջ: Իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար անհրաժեշտ օրապահիկի և գիշերավարձի գումարների մասով կառավարությունը պարտավորվել էր վճարել 50 տոկոսի չափով:
Սակայն, շատ չանցած, արդեն այսօր ՀՀ առողջապահության նախարարը լրագրողներին հայտնել է, որ արտերկրում բուժումը շարունակել ցանկացողների ծախսերը կհոգան բարերարները: Հարց է ծագում՝ ո՞ւր մնաց կառավարության այն որոշումը, որի համաձայն, նրանց ծախսերը պետք է հոգա պետությունը:
Ստացվում է, որ իշխանությունները ևս մեկ անգամ խաբեցին թե՛ հասարակությանը, թե՛ վիրավոր զինծառայողների ընտանիքներին: Ու եթե հասարակությունն արդեն վարժվել և շատ դեպքերում էլ հումորով է վերաբերում իշխանությունների բարեսիրական ու բարեգործական տարբեր որոշումներին, այս դեպքում արդեն դրան հետ հաշտվել ու լռել չի կարողանա:
Ամենևին էլ արդարացված չեն ՀՀ առողջապահության նախարարի այն պնդումները, թե մեր մասնագետներն ի վիճակի են ոտքի կանգնեցնել պատերազմի ընթացքում վիրավորված բոլոր զինծառայողներին: Ամեն ինչ այդքան պայծառ չէ, ինչպես ներկայացնում է հարգարժան նախարարը, քանի որ հայրենական բժիշկների պրակտիկայում շատ դեպքեր են եղել, երբ մեր բժիշկները նույնիսկ քթի պլաստիկ վիրահատություն չեն կարողացել նորմալ իրականացնել, և մարդն ամիսներով կոմայից չի կարողացել դուրս գալ:
Այնուամենայնիվ, ցանկություն չունենալով հարցականի տակ դնել մեր մասնագետների որակավորման բարձր մակարդակը, լավ կլիներ, որ առողջապահության նախարարը պատասխաներ այն հարցին, որ եթե իր ղեկավարած ոլորտում ամեն ինչ այդքան փայլուն է և մասնագետների պակաս չունենք, ապա ինչպես է պատահում, որ մարդիկ նույնիսկ սովորական մեզի անալիզ հանձնելու համար են արտասահմաններ, փարիզներ ու գերմանիաներ մեկնում: Հարց է ծագում՝ մարդիկ հիմա՞ր են, թե՞ պարզապես համակարգի փալուն վիճակի մասին տեղեկություններ չունեն:
Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին, դրանից առաջ և դրանից հետո երկրի պաշտպանության ժամանակ վիրավորված, կյանքի ու մահու պայքար տվող զինծառայողների բուժումը բարերարների միջոցներով կազմակերպելուն, նշանակում է, որ այս հարցում էլ է արդեն «քցոցին» սկսվել, պարզապես որոշել են այդ մասին քիչ-քիչ տեղեկացնել:
Արմինե Գրիգորյան