Ռուսաստանն առայժմ չի նախատեսել Բելառուսին գազի զեղչ տրամադրել
ЭкономикаՄոսկվան չի նախատեսում Մինսկին գազի զեղչ տրամադրել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Պաշտոնյան նշել է, որ հաջորդ շաբաթ մտադիր է հանդիպել Բելառուսի էներգետիկայի նախարարի հետ: Ի թիվս այլ բաների, կողմերը կքննարկեն վառելիքի գները:
Նախօրեին ռուսաստանյան նախարարը հաղորդել էր, որ Բեառուսը «Գազպրոմին» 2016-ի ապրիլի համար պարտք է մնացել ավելի քան 125 մլն դոլար: Նրա բելառուս գործընկեր Վլադիմիր Պոտուպչիկը հայտնել է, որ Մինսկը չի ընդունում պարտքի առկայությունը: Նովակի խոսքերը նա բացատրել է գազի ոլորտում միջկառավարական համաձայնագրերի տարբեր մեկնաբանությամբ:
Պոտուպչիկը նշել է, որ «դա տեխնիկական հարց է, որը պետք է լուծենք»:
2015-ին Բելառուսը Ռուսաստանից գազ է գնել հազար խմ-ի դիմաց 142,4 դոլար գնով: Մինսկում այդ գինը չափազանց բարձր են կոչել եւ հայտնել են, որ մտադիր են 2016-ին հասնել գնի նվազման: Բանակցությունների արդյունքում, որոնց մասնակցել են երկու երկրի փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչը եւ Վլադիմիր Սեմաշկոն, կողմերն այդպես էլ չեն կարողացել պայմանավորվել զեղչի վերաբերյալ:
Բելառուսի Էներգետիկայի նախարարության կարծիքով, ռուսաստանյան գազի արդար գինը հազար խմ-ի դիմաց 73 դոլարն է: