Հայաստանն աշնանը կհյուրընկալի տնտեսագիտության ոլորտի կարկառուն դեմքերի
ЭкономикаԸնթացիկ տարվա աշնանը Հայաստանը կհյուրընկալի տնտեսագիտության ոլորտի կարևոր համաժողովներից մեկը, որի շրջանակներում Դիլիջան կայցելեն տնտեսագիտության ոլորտի կարկառուն դեմքեր:
Սեպտեմբերի 15-16-ին կայանալիք «Մակրոտնտեսագիտության արդի թեմաները» համաշխարհային համաժողովը կանցկացվի ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Ինչպես մայիսի 13-ին շրջայցի ժամանակ հայտարարեց կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը, Հայաստանն առաջին անգամ կընդունի համաշխարհային ճանաչման տնտեսագետների նման համախմբի:
«Այս տարվա սեպտեմբերին առաջին անգամ ունենալու ենք համաշխարհային մակարդակի համաժողով մակրոմոդելավորման թեմայի շուրջ: Հրավիրված են ինչպես ակադեմիական աշխարհի ներկայացուցիչներ, այնպես էլ տարբեր երկրների կենտրոնական բանկերի աշխատակիցներ:
Համաժողովին ներկա կլինեն Նորթ Վեսթերն համալսարանից Լորենս Քրիստիանոն, Արժույթի միջազգային հիմնադրամից Դուգլաս Լաքսթոնը, Ֆրանսիայի կենտրոնական բանկից Մայքլ Ժուլիարդը, տնտեսագիտության պրոֆեսոր Քրիստոֆեր Քարոլը և այլք»,-ասաց Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը:
Սակայն մինչ նշյալ համաժողովը, Դիլիջանում մայիսի 16-ին կմեկնարկի համաշխարհային կենտրոնական բանկերի և ուսումնական կենտրոնների տնօրենների հանդիպումը, որն արդեն պարբերական բնույթ է կրում:
«Մենք փորձելու ենք քննարկել ու հասկանալ` ինչ արդի միտումներ կան կենտրոնական բանկերի ուսուցման բնագավառում և համատեղ մշակել օրակարագը, որը համահունչ է 21-րդ դարի կենտրոնական բանկի համար»,-ավելացրեց պաշտոնյան: