Համազգային թատրոնից գողություն կատարածները Թատերական ինստիտուտի ուսանողներ են եղել
ОбществоՈստիկանությունը տեսանյութ է հրապարակել ապրիլի 24-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնից կատարված կողոպուտի դեպքի վերաբերյալ:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, ապրիլի 24-ին ժամը 06:00-ի սահմաններում երեք երիտասարդ ապօրինի մուտք են գործել Երեւանի Ամիրյան 26 հասցեում գտնվող «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի շենք, որտեղից հափշտակել են կիթառ՝ իր պատյանով, 2 համակարգիչ, ՊՈԱԿ-ին պատկանող գումար, տարբեր այլ իրեր ու դիմել փախուստի, երբ տեսել են, որ թատրոնի պարետն իրենց նկատել է:
«Հերթական շրջայցի ժամանակ նկատեցի, որ թատրոնի լուսամուտը բաց ա, ծառերի արանքից մարդ նկատեցի, մոտեցա, ասացի՝ ով ա, փախան»,- ոստիկաններին պատմել է անվտանգության աշխատակիցը:
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով էլ՝ երբ մտել են ներս, նկատել են կոտրված դուռն ու դարակները:
«Ամեն ինչ քարուքանդ էր արված: Հետո տեսանք, որ մեր հանգանակության արկղիկը կոտրված է, իմ եւ փոխտնօրենի անձնական համակարգիչներն էլ էին գողացել»,- ասել էր Վարդան Մկրտչյանը:
Վեց օր անց ոստիկաններին հաջողվել էր պարզել, որ հիշյալ կողոպուտը կազմակերպել եւ իրականացրել էին Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողներ, 21-ամյա Գոռ Մնացականյանը, 22-ամյա Հայկ Սմբատյանն ու 21-ամյա Բաբկեն Շահբազյանը:
Նրանք կալանավորված են:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: