Արամ MP3-ի համերգին հանդիսատեսը հոտնկայս ծափահարեց հայ զինվորներին
LifestyleՍիրված երգեր, հետաքրքիր շոու, գեղեցիկ բեմադրություններ. Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 14-ին տեղի ունեցավ երգիչ Արամ MP3-ի մենահամերգը:Սպասված և հաջողված համերգի հասույթն արտիստն ուղղելու է Արցախի պաշտպանության բանակին:
«Գովազդ չհնչի, բայց երկար սպասված համերգ էր, ամեն դեպքում` ինձ համար: Ամենակարևորը լավ տրամադրություն ունենք, հաղթանակած ենք: Ընդ որում` ու՞մ շնորհիվ.իհարկե, մեր զինվորների: Եկեք ուժեղ ծափահարենք նրանց: Շնորհակալություն ձեզ` մեզ այսպիսի օր պարգևելու համար: Շնորհակալություն, տղերք ջան»,-իր ելույթում նշեց երգիչը:
Հետևելով Արամ MP3-ի կոչին` հանդիսատեսը հոտնկայս ծափահարեց հայ զինվորներին: Երգիչը շնորհավորեց նաև բոլոր նրանց, ում ծնունդն է այսօր:
Համերգի բոլոր տոմսերը սպառվել է նախապես: Լեփ-լեցուն դահլիճում Արամ MP3-ը կատարեց Shine, If I Tried, Just Go On, Not Alone, You're My Sunshine, Im Thinking Positive, It’s a Man’s World, Jealousy և այլ սիրված ու հայտնի գործեր, քավրներ, կատակեց, պարեց, երգեց: Նրա հետ պարեցին ու երգեցին նաև երեկոյի մասնակիցները.ամեն մի կատարում ուղեկցվում էր բուռն ծափահարություններով: Համերգը հարուստ էր լուսային և պարային համարներով: Երեկոյի ընթացքում նրան միացավ նաև Գարիկ Պապոյանն իր կիթառով:
«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ներկայացուցիչ երգիչը զուգերգ ներկայացրեց «Մանկական եվրատեսիլ-2015»-ի մասնակից Միկայի հետ. նրանք նշեցին, որ դեռ չեն որոշել երգի անվանումը: Համերգի ընթացքում երգիչը նշեց, որ սիրում է իր կնոջը և նշեց, որ հավերժ նրա երկրպագուն է: Նա կնոջը ծաղիկներ նվիրեց և համբուրեց նրան:
Համերգի ավարտին Արամ MP3-ը կատարեց «Երազ իմ երկիր հայրենի» երգը.նրան միացավ երեկոյի մասնակից հանդիսատեսը: «Այսօր, ինչպես երբևէ, մեզ պետք է համախմբվածությունը»,-ընդգծեց երգիչը` հավելելով, որ սոցիալական ցանցերում մարդիկ հաճախ փորձում են ասել, որ հայրենասիրություն չկա, ավելի լավ է գնալ Հայաստանից, ուրիշ տեղ լավ է: Արամ MP3-ը հատուկ շեշտեց, որ այլ երկրներում լավ չէ, հայրենիքում ամեն ինչ ուրիշ է.կարելի է, իհարկե, գնալ այլ երկրներ, տեսնել դրանք, սակայն ամեն ինչ այլ է մեր երկրում: Երգի ավարտին դահլիճում տեղադրված տեսաէկրանին հայտնվեցÕ �ն Հայաստանի և Արցախի դրոշները, ինչպես նաև մեր երկրի զինանշանը:
Որպես «բիս»` երգիչը կատարեց Hit The Road Jack ստեղծագործությունը` շնորհակալություն հայտնելով համերգի կազմակերպիչներին ու աջակիցներին: