Առողջ ընտանիք ստեղծելու 5 քայլ
Lifestylemed.news.am-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 15-ին աշխարհում նշում են Ընտանիքի միջազգային օրը: Ինչպես ստեղծել առողջ ընտանիք ու պահպանել այն: Այս մասին պատմել է ՀՀ առողջապահության նախարարության մայրության ու վերարտադրողական առողջության պահպանման բաժնի ղեկավար Գայանե Ավագյանը:
1. Հետազոտություն ամուսնությունից առաջ
Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս զույգերին հարսանիքից առաջ ու մանավանդ երեխայի սաղմնավորումը ծրագրելուց առաջ անպայման հետազոտվել: Սա կօգնի բացահայտել առկա խնդիրները ու լուծել դրանք, իսկ հետո արդեն առողջ երեխաներ լույս աշխարհ բերել: ՎԱտ չէր լինի նաեւ սեռավարակների հետազոտություն անցնել: Ցավոք Հայաստանում քիչ չեն տղամարդիկ, որոնք չիմանալով, որ հիվանդ են սեռավարակով կամ ՄԻԱՎ-ով, ամուսնանում են ու վարակում իրենց կանանց,իսկ վերջինները վարակվելու մասին իմանում են միայն հղիության ընթացքում մինչդեռ այդ վարակները կարող են բացասաբար անդրադառնալ պտղի առողջության վրա: Դրանից խուսափելու համար ցանկալի է մինչեւ ամուսնանալը ստուգել ու հայտնաբերել բոլոր սեռավարակները: Եթե տղամարդը ՄԻԱՎ վարակ ունի, ճիշտ ընտրված բուժումը կնվազեցնի զուգընկերուհուն վարակելու հավանականությունը, իսկ եթե նա արդեն վարակվել է՝ հնարավոր կլինի գոնե կանխել վարակի փոխանցումը երեխային:
2.Նորածինների համար սքրինինգ
Հայաստանում նորածինների մեծամասնությանն արվող սքրինինգների օգնությամբ հնարավոր է ժամանակին հայտնաբերել առողջական շատ խնդիրներ, մասնավորապես այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ֆենիլկետոնուրիան, բնածին հիպոտիրեոզը, լսողական, տեսողական խնդիրները եւ այլն: Այդ խնդիրներից շատերը ժամանակին հայտնաբերվելու դեպքում հնարավոր է բուժել ու դրա շնորհիվ երեխան առողջ կմեծանա ու կապրի լիարժեք կյանքով:
3. Պատվաստում
Գայանե Ավագյանը խորհուրդ է տալիս չվախենալ պատվաստումներից, քանի որ դրանք օգնում են երեխաներին պաշտպանել մի շարք վտանգավոր, իսկ երբեմն էլ մահացու ինֆեկցիոն հիվանդություններից:
4. Մեծահասակների համար սքրինինգներ
Այսօր Հայաստանում նաեւ գործում են մեծահասակաների համար սքրինինգային ծրագրեր՝ մի շարք հիվանդություններ ժամանակին հայտնաբերելու նպատակով: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում 35 տարեկանից մեծ բոլոր քաղաքացիները անվճար կարող են ստուգել շաքարախտի ու հիպերտոնիայի առկայությունը, իսկ 30-ն անց կանայք ՝ հանձնել փափ- թեստ, որի օգնությամբ կարելի է իմանալ արգանդի վզիկի զարգացման ռիսկի մասին:
Առողջ ընտանիք ունենալու համար մասնագետը խորհուրդ է տալիս ընտանիքի բոլոր անդամներին մասնակցել այդ սքրինինգային ծրագրերին, նաեւ տարեկան մեկ անգամ անցնել կանխարգելիչ հետազոտություններ, չէ որ առողջ ծնողների համար ավելի հեշտ կլինի առողջ երեխաներ մեծացնելը:
5. Առողջ կենսակերպ
Եվ վերջապես, որպեսզի երեխան առողջ լինի, պետք չէ անտեսել առողջ կենսակերպի նշանակությունը ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի կյանքում: Գայանե Ավագյանը խորհուրդ է տալիս հրաժարվել ծխելու նման վնասակար սովորություններից, ճիշտ սնվել ու երեխաներին սովորեցնել առողջ սնվել ու իհարկե չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին, չէ որ դրա պակասը լուրջ վնաս է պատճառում աոողջությանը: