ԱՄՆ-ի զինվորականների ավելի քան 70 տոկոսը դեմ է Սիրիա զորք մտցնելուն
Международные новостиԱմերիկացի զինվորականների ավելի քան 70 տոկոսը դեմ է արտահայտվել «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում ցամաքային զորքեր օգտագործելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին հաղորդել է Time պորտալը:
ԱՄՆ-ի քաղաքացիական բնակչության հարցման համաձայն, որն անցկացվել է ավելի վաղ, ամերիկացիների ավելի քան 72 տոկոսն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի իշխանությունները վաղ թե ուշ ստիպված կլինեն ցամաքային զորքեր կիրառել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների դեմ մղվող պայքարում, չնայած այդ միջոցը կիրառելուց Օբամայի հրաժարվելուն:
Military Times-ի հարցումը ցույց է տվել նաև, որ ամերիկացի տասը զինվորականներից յոթը դեմ են «Իրաքում անվտանգության ուժերին աջակցելու համար ցամաքային զորքեր օգտագործելուն», ընդսմին շատերը կասկածում են, որ ԱՄՆ-ի բանակը կարողացել է իր ռազմական գործողություններով ինչ-որ բանի հասնել Իրաքում:
ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչների շուրջ 60 տոկոսն ասել է, որ Իրաքում պատերազմը հաջողություն չի ունեցել, և միայն 30 տոկոսն է պաշտպանել հակառակ տեսակետը այն դեպքում, երբ 2013 թվականին այդ կարծիքին էին հարցվածների համապատասխանաբար 30 և 53 տոկոսը:
ԱՄՆ-ը դաշնակից մի շարք երկրների, այդ թվում՝ Արաբական պետությունների աջակցությամբ, սեպտեմբերի 23-ին սկսել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին, օգոստոսից համանման գործողություն է իրականացվում Իրաքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: