Նվազել է ռուսաստանյան տնտեսության կախվածությունը նավթի գներից. Սիլուանով
ЭкономикаՆավթի գներից ռուսաստանյան տնտեսության կախվածությունը նվազել է, հայտնել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք սկսել ենք ավելի քիչ կախում ունենալ նավթի գներից: Կախվածության նվազումը այլ ոլորտներին զարգանալու հնարավորություն է տալիս: Մենք պիտի բյուջետային քաղաքականությունն այնպես կառուցենք, որ նավթի գների աճի դեպքում թույլ չտանք, որ նավթի եւ գազի գներն ազդեն ռուբլու փոխարժեքի վրա», — ասել է ֆինանսների նախարարը:
Միաժամանակ ֆինանսների նախարարը նշել է, որ գերատեսչությունը առաջիկա երեք տարվա համար հաշվարկներում որպես հիմք է ընդունում նավթի 40 դոլար գինը: ՌԴ Ֆինանսների նախարարությունը չի համարում, թե նավթի արժեքը կարող է արմատապես փոխվել: Սիլուանովը դա բացատրում է երեք գործոնով. նավթի համաշխարհային մեծ պահուստներով, հիմնական արտադրողների` արդյունահանումը նվազեցնելու ցանկության բացակայությամբ եւ համաշխարհային տնտեսության աճի դանդաղմամբ:
«Աշխարհում մեծ պահուստներ են ստեղծվել, մոտ` 3 մլրդ բարել, հիմնական արտադրողները չեն պատրաստվում նվազեցնել արդյունահանումը, համաշխարհային տնտեսության աճի տեմպերն ամեն անգամ վերանայվում են նվազման օգտին, այդ պատճառով նավթի պահանջարկի մասին խոսելու առիթ չկա», — հայտնել է Սիլուանովը:
Նավթի գների տատանումները նա բացատրել է տեխնիկական եւ տեղային պահերով:
«Արմատապես նավթի գնի աճի առումով լավատեսության հիմք չկա», — ընդգծել է ռուսաստանյան գերատեսչության ղեկավարը: