Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով՝ 7.75 տոկոս
ЭкономикаԿԲ խորհուրդը մայիսի 17-ի նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%:
Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2016 թ. ապրիլին արձանագրվել է 0.3% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -1.9%:
Համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, սակայն ներկայումս միջազգային ապրանքային շուկաներում գնանկումային միտումները փոխարինվել են հարաբերական կայունությամբ: Այդուհանդերձ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին դեռևս կշարունակվի արտաքին աշխարհի գնանկումային ազդեցության փոխանցումը ներքին գներին՝ չեզոքանալով ընթացիկ տարվա երկրորդ կեսին:
Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում արձանագրվել է տնտեսական ակտիվության զգալի ավելացում, որը պայմանավորվել է հիմնականում արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում՝ սպասվածից ավելի դրական զարգացումներով: Դրական միտումներ են արձանագրվում նաև ներքին պահանջարկում՝ արտացոլելով նախորդ ամիսների ընթացքում Կենտրոնական բանկի և Կառավարության կողմից իրականացրած խթանող քաղաքականության ազդեցությունը: Ընդ որում, նշված ժամանակահատվածում ՀՀ տնտեսության արտահանելի հատվածն ընդլայնվել է և արձանագրել աճի բարձր տեմպեր: Վերոնշյալ զարգացումներից ելնելով՝ ԿԲ սպասումները 2016 թ. տնտեսական աճի վերաբերյալ ճշգրտվել են աճի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ գնաճային սպասումները նվազել են՝ ԿԲ վարած հետևողական դրամավարկային քաղաքականության արդյունքում: Քաղաքականության ազդեցության գործոնին ներկայումս ավելացել է նաև բնական գազի սակագնի սպասվող իջեցման գործոնը, որի հիման վրա էլ Խորհուրդը նպատակահարմար է գտնում դրամավարկային պայմանների ավելի մեծ քայլով թուլացումը: Նման քաղաքականության արդյունքում գնաճային միջավայրը 2016 թ. երկրորդ կեսից աստիճանաբար կընդլայնվի և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:
Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաև արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի դրսևորման բացակայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում ևս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:
Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 9.25% և 6.25%:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մայիսի 27-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2016 թ. երկրորդ եռամսյակի ծրագրում):