Էջմիածնի գրադարանի ամենակարևոր խնդիրը գրականության համալրումն է
КультураԷջմիածին քաղաքի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանը 2015 թվականին ստացել է հանրային գրադարանի կարգավիճակ. վերջերս գրադարանը համալրվել է նոր կահույքով ու գրականությամբ, ինչպես նաև ապահովվել ինտերնետ կապով:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Արմավիրի մարզ աշխատանքային այցի ընթացքում զրուցեց գրադարանի աշխատակիցների հետ, ովքեր ներկայացրեցին գրադարանը և խոսեցին նաև առկա որոշ խնդիրներից:
Գրադարանի վարիչ Հրանուշ Գաբրիելյանը նշեց, որ ամենակարևոր խնդիրը գրականության համալրումն է: Տարվա մեջ մի քանի անգամ քաղաքապետարանի, քաղաքային համայնքի բյուջեի և մշակույթի նախարարության, ինչպես նաև նվիրատվությունների շնորհիվ գրադարանը համալրվում է նոր գրքերով: Շենքային պայմաններից խոսելիս նա ասաց, որ գործող մասնաշենքը, ի տարբերություն հնի, վերանորոգված է ու ջեռուցվում է: Նախարարի հարցին, թե ինչի պակասություն կա գրադարանում, Գաբրիելյանը նշեց բուհական գրքերը:
«Այս տարի փետրվարին ստացել ենք 233 կտոր արժեքավոր գիրք` օտարագիր և արգելված գրականության նմուշներ: Սկսել էհամալրվել նաև մանկական գրականության բաժինը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց գրադարանի վարիչը:
Նրա խոսքով` Հ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում կա 87.346 կտոր գրականություն. մաշված, հնացած գրքերը թարմացվում են նոր հրատարակվածներով: Հիմնական պահանջարկը արտասահմանյան գեղարվետսական գրականությունն է:
Մեկ տարվա կտրվածքով գրադարանն ունենում է 4300-4500 ընթերցող, ընդ որում` տարբեր տարիքային խմբերի: Գաբրիելյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե վերջին տարիներին մարդկանց հետաքրքությունը գրքերի նկատմամբ նվազել է. իրենց մոտ ընթերցողների պակաս չի լինում:
Էջմիածնում կա 7 գործող գրադարան: Հրանուշ Գաբրիելյանը նշեց, որ դրանք հիմնականում մանկապարտեզի շենքերում են գործում, ուստի կամ արդեն վերանորոգված են, կամ էլ թարմացման ընթացքի մեջ են: