Մարտունի գյուղում տեղի ունեցած քարաթափման հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի
ОбществоԳեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում, Ճամբարակ-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա ժայռահողային զանգվածի փլվածքի հետեւանքով տեղի է ունեցել քարաթափում, որի պատճառով ճանապարհը 30-40 մետր երկարությամբ դարձել է միակողմանի երթեւեկելի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, մասնագետների եւ իրենց կողմից կատարված նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փլվածքն առաջացել է անձրեւաջրերի հետեւանքով:»Ճանապարհամերձ ճայռեղեն զանգվածն ունի մոտ 200 մետր բարձրություն, որտեղից առաջին փլուզումը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 11-ին՝ որոշակի ժամանակով փակելով տրանսպորտային երթեւեկությունը: Ճանապարհը սպասարկող «Ճամբարակի ՃՇՇՁ» ՓԲԸ ճանապարհաշինարարները կարողացել են ամբողջությամբ մաքրել եւ բացել ճանապարհը: Երկրորդ փլուզումը տեղի է ունեցել մայիսի 15-ին, ինչի արդյունքում մոտ 30-40 մետր երկարությամբ ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի: Ճանապարհաշինարարներն առայժմ ամբողջությամբ չեն մաքրում ճանապարհը, քանի որ հերթական փլուզման վտանգն է ի հայտ եկել եւ ժայռը պայթեցման եղանակով հեռացնելու անհրաժեշտություն: Ճանապարհն, ամենայն հավանականությամբ, ամողջովին քարաթափումից կմաքրվի պայթեցման աշխատանքների իրականացումից հետո»,-նշեց Գարիկ Հակոբյանը:
Ճամբարակի ՃՇՇՁ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արարատ Քոչարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր քարաթափման վայր են ժամանել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության եւ ԱԻՆ ներկայացուցիչները: Պայթեցման եւ մաքրման աշխատանքները կիրականացվեն նախագծման աշխատանքներին զուգահեռ, անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ: Առաջիկա երկու-երեք օրում ճանապարհը լիովին մաքրված կլինի քարաբեկորներից, հետագա քարաթափման հնարավորությունը կբացառվի»-հավաստեց տնօրենը:
Խոսրով Խլղաթյան