Հայաստանում և Արցախում գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով
ЭкономикаՀայաստանում եւ Արցախում գարնան գյուղատնտեսական աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցին:
«Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում շփման գծին մոտ բնակավայրերում որոշակի ուշացումներ եղան, սակայն ներկայումս ամբողջ թափով աշխատանքներն իրականացվում են: Արցախում գարու բերքահավաքն արդեն իրականացվել է, հաջորդ շաբաթ կսկսվի ցորենի բերքահավաքը: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս Հայաստանից Արցախ 60-ից 80 կոմբայն է գործուղվել՝ այդ աշխատանքների իրականացման համար»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ գարնան գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվում են ժամանակին նաեւ սահմանամերձ համայնքներում: «Ավելին, 2016թ-ին առաջընթաց է գրանցվել, քանի որ սահմանամերձ համայնքներում ավել ցանք է իրականացվել: Բոլոր աշխատանքներն իրականացվում են սահմանված գրաֆիկով, սերմացուն, դիզվառելիքը եւ պարարտանյութը տրամադրվել է՝ բավարարելով ամբողջական պահանջարկը: Ինչ վերաբերում է ամբողջ հանրապետությանը, ապա այս տարի, նախորդ տարվա հեմամատությամբ, 5000 հա ավել ցանք է կատարվել միայն աշնանացանի առումով, ընդհանուր առմամբ՝ 15-ից 16 հազար հա ավել ցանք է իրականացվել:
Այս ամենից ելնելով՝ կարող ենք փաստել, որ այս տարի եւս գյուղատնտեսության ոլորտում կարձանագրենք բարձր ցուցանիշներ եւ տնտեսական աճ»,- եզրափակեց նախարարը: