Արցախ մեկնած երկրապահ կամավորականների երկրորդ խումբը վերադարձավ Գյումրի
ОбществоԱրցախ մեկնած երկրապահ կամավորականների երկրորդ խումբը վերադարձավ Գյումրի: Խմբի մի մասը՝ 15 երկրապահ, Գյումրի էր հասել առավոտյան, իսկ երկրորդը՝ 10 երկրապահ, կեսօրին: Շիրակցի երկրապահները ծառայություն են մատուցել հարավ-արևելյան սահմանին՝ Ջեբրայիլում:
Գյումրիում, վերադարձից հետո, նրանց առաջին կանգառը Գյումրու քաղաքապետարնն էր:
Նրանց ընդունեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Երկրապահները խոսեցին սահմանագծում առկա վիճակի« հայկական կողմի պատրաստվածության ու սահմանին կանգնած հայ զինվորի արիության մասին:
«Մենք կարող ենք հանգիստ լինել, որովհետև 20-ամյա պատանիները այսօր ապացուցում են, որ ունակ են պայքարելու թշնամու դեմ ու պաշտպանելու մեր սահմանները: Սա մեր երկրորդ հերթափոխի երկրորդ ջոկատն էր»,- ԵԿՄ Գյումրու մարզային կառույցի ղեկավար Վարդան Սարգսյանը՝ փաստելով, որ դեռ մեկ՝ մեծաթիվ ջոկատ էլ շարունակում է մնալ սահմանագծում:
«Այս ջոկատը ևս սպասում է հերթափոխի: Հերթափոխից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում հետ կվերադառնան: Այս պահին նոր ջոկատի մեկնելու կարիքը չկա: Ուրախ ենք, որ մեր կարիքը չունեն, բայց, երբ կարիքը լինի՝ կմեկնենք»,-նշեց Վարդան Սարգսյանը:
Խոսելով սահմանագծին կանգնած տղաների մասին՝ Վարդան Սարգսյանը վստահեցրեց, որ այս սերունդն ավելի քաջ է:
«1991-95 թվականներին, երբ մենք գնացինք, արդեն բավական փորձ ունեինք, 25-50 տարեկան էինք, կարելի է ասել՝ կայացած էինք: Այսօր սահմանը պահում են 18-20 տարեկանները, ովքեր պատերազմի մասին լսել էին կինոներից ու մեր ժլատ պատմածներից: Այդ տղաներն առյուծ են, իսկ առյուծը տարիք չի ճանաչում: Փառք ու պատիվ մեր տղաներին: Պատմության մեջ այդպիսի բան չկա, որ մեկը սովորական զենքով կարողանա 5 տանկ կամ անօդաչու սարք խփել»,-հավելեց Վարդան Սարգսյանը: