Լիանա Թովմասյանը՝ մոդելային կարիերայի եւ ընտանիք կազմելու մասին (ֆոտոռեպորտաժ)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
«Street Style» ֆոտոշարքի շրջանակներում այս անգամ NEWS.am STYLE-ի հերոսուհին մոդել Լիանա Թովմասյանն է, որը մոդելային կարիերան սկսել է դեռես ուսանողական տարիներից։
«Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ համալսարանում ինքներս ներկայացնում էինք մեր մոդելավորած զգեստները։ Այնուհետեւ տարբեր կազմակերպություններ եւ դիզայներներ առաջարկում էին համագործակցել։ Եթե առաջարկը համապատասխանում էր իմ պայմաններին, համաձայնվում էի եւ աշխատում, քանի որ ունեմ սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եմ»,- ասել է Լիանան։
Լիանայի համար մոդելային կարիերան պարզապես հոբբի է։ Բացի դրանից նա աշխատում է հայ դիզայներներից մեկի խանութում՝ որպես խորհրդատու։ Ապագայում շատ նպատակներ եւ ծրագրեր ունի.
«Շատ եմ ցանկանում բացել իմ սեփական հարսանյաց խանութ-սրահը, որտեղ կվաճառեմ հարսանյաց աքսեսուրաներ»։
Լիանան արտերկրում աշխատելու առաջարկներ շատ է ստանում, բայց մերժում է։
«Ես չեմ կարող իմ տանից հեռու մնալ։ Եթե մի տեղ եմ գնում, ապա մի քանի օրից էլ չեմ դիմանում եւ ուզում եմ վերադառնալ։ Եթե կարճ ժամանակահատվածով ցուցադրություններ լինեն, հնարավոր է, որ ընդունեմ, իսկ երկար՝ ոչ»։
Գեղեցկադեմ մոդելը առօրյայում սիրում է հագնվել սպորտային ոճով։ Իսկ առհասարակ նա ընտրում է այն, ինչ իրեն դուր է գալիս.
«Շատ փոփոխական եմ հագնվում։ Նորաձեւությանը հետեւում եմ, բայց հագնում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս։ Նույն էլ վերաբերվում է գույների ընտրությանը»։
Հարցին՝ մոդելային կարիերան չի խանգարում անձնական կյանքին, Լիանան պատասխանեց.
«Իհարկե, շատ հաճախ այն խանգարում է, բայց միանշանակ այդպես ասել չենք կարող, քանի որ ամեն ինչ հարաբերական է։ Ոմանք կարողանում են եւ անձնականը, եւ աշխատանքը համատեղել, բայց մյուսների մոտ էլ դա չի ստացվում։ Ես ինքս բնույթով շատ բծախնդիր եմ եւ մինչեւ այսօր չեմ կարողանում ընտրություն կայացնել։ Բայց վստահ եմ, որ մի օր կհանդիպեմ իմ միակին»։
Մելինե Տոնոյան



















