ՀՀ արդարադատության փոխնախարարը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելման, քաղաքական մշակման և համակարգման մոդելը
ОбществоՀՀ արդարադատության նախարարությունում նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ մայիսի 20-ին տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնող խմբի աշխատանքային քննարկումը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Աշխատանքային խմբում ընդգրկված են «Իրավաբանների հայկական ասոցիացիա», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն աշխատանքային խմբի անդամներին հորդորել է աշխատանքային խմբի կողմից իրականացված կոռուպցիայի դեմ պայքարող ինստիտուցիոնալ համակարգերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա դիտարկել ներկայացված տարբեր մոդելների կիրառելիությունը Հայաստանի Հանրապետությունում:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մասնագիտացած ունիվերսալ մոդելին, կոռուպցիայի դեմ պայքարի իրավապահ մոդելին և հանգամանալի ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելման, քաղաքական մշակման և համակարգման մոդելը:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Զադոյանը կարևորել է պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության պլատֆորմի ներքո կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ վերլուծություն իրականացնող աշխատանքային խմբի գործունեությունը, ներկայացրել է կատարված աշխատանքներն ու առաջարկել է կենտրոնանալ Հայաստանի համար կիրառելի երկու-երեք մոդելի մշակման վրա:
Աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Հակոբյանի գլխավորությամբ սահմանվել է աշխատանքի բաշխում խմբի անդամների միջև: