Հայկական լավաշի հայտի շուրջ աղմուկը՝ փոթորիկ մեկ բաժակ ջրում
ОбществоՕրերս մամուլն անդրադարձել էր Հայաստանի կողմից ներկայացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկից հայկական լավաշի մասին հայտը հանելու հարցին, որից կարծես թե ավելի շատ ոչ թե իրականության, այլ դրսի պատվերի հոտ է գալիս:
Թե ինչով է պայմանավորված փաստերը խեղաթյուրելու միջոցով հասարակությանը հերթական անգամ մոլորության մեջ գցելու այդ քայլը, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ այս կամ այն գերատեսչության հասցեին անհարկի ցեխ շպրտելու և դրանից հաճույք ստանալու փոխարեն կարելի է հարցը խորությամբ ուսումնասիրել, ապա այն ուղղել պատկան կառույցին և ավելորդ լարվածություն չառաջացնել: Առավել ևս, երբ հայկական լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկից հանելու մասին տեղեկությունը որևէ աղերս չունի իրականության հետ: Ինչ վերաբերում է ցանկի պարունակությունը սեփական աչքերով տեսնելուն, ապա օտար լեզվին քիչ թե շատ ծանոթ ցանկացած մարդ էլ կարող է մտնել միջազգային այդ կազմակերպության կայք, ծանոթանալ իրականությանը, ապա համոզվել, որ նման բան չկա:
Հերթական ապատեղեկատվությունը շտապել է հերքել նաև ՀՀ մշակույթի նախարարությունը: Այն ներկայացնում ենք ամբողջույթամբ և կոչ ենք անում բոլորին օդից ստերով սնվելու փոխարեն նախ՝ առերեսվել իրականությանը, ապա խնայել թե՛ սեփական և թե՛ հասարակության նյարդերը:
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է.
«Հաշվի առնելով օրերս լրատվամիջոցներից մեկում հրապարակված՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկից լավաշը հանելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը, ՀՀ մշակույթի նախարարությունն անհրաժեշտ է համարում կրկին տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները» հայտը 2014 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում և անփոփոխ կերպով գտնվում է այդ հեղինակավոր ցանկում:
Միաժամանակ, հորդորում ենք ճշգրիտ և հավաստի տեղեկություններ ստանալու համար օգտվել սկզբնաղբյուր հանդիսացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջից»:
Արմինե Գրիգորյան