Վարչապետի նկատողությանն արժանացած փոխնախարարը առավել բարձր պաշտոնի է նշանակվել
ՀՀ կառավարության մայիսի 21-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն էր արել տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին: Վարչապետը հորդորել էր, որպեսզի նախարարության պաշտոնյաներն իրենց գործը նորմալ կատարեն:
Եվ ահա, նույն վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից։
Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի կողմից խստագույն քննադատության և նկատողության արժանացած պաշտոնյան միջադեպից ընդամենը մեկ ամիս ութ օր անց արձանագրեց պաշտոնեական առաջխաղացում:
Այս փաստը երկու եզրահանգման տեղիք է տալիս. կամ, որպես կանոն, մեր պետական պաշտոնյաները պարգևատրվում են վատ աշխատանքի համար, կամ էլ Առաքելյանը այդ նկատողությունից հետո ավելի լավ է աշխատել՝ գերազանցելով բոլորի սպասելիքները:
Քանի որ առաջինի օրինակները բազմաթիվ են՝ տա Աստված, որ Առաքելյանի նշանակումը տեղավորվի երկրորդ եզրահանգման տրամաբանության մեջ:
Թու, թու, թու, սատանի ականջը խուլ...
Վարուժան Բաբաջանյան