Պաշտոնապես հաստատվեց. Չոռնի Գագոյի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել երկու եղբայրների
ОбществоՔիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից պաշտոնապես հաստատեցին մեր այն տեղեկությունները, որ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների եւ երկու եղբայրների միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք: Ըստ պաշտոնական նույն աղբյուրի, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝հինգից տասը տարի ժամկետով):
Մեր տեղեկություններով, քրեական գործի շրջանակներում ձերբակալվածների թիվը հասել է վեցի, որոնցից 4-րը Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն են, երկուսը՝ այլ անձինք:
Ի դեպ, Գագիկ Բեգլարյանի մամուլի խոսնակից մինչ այս պահը չի հաջողվել որեւէ մեկնաբանություն ստանալ կատարվածի վերաբերյալ: Նա հեռախոսազանգերին չի պատասխանում:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Armtimes.com-ը տեղեկացրել է, որ նախօրեի գիշերը ձերբակալվել են տրանստպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները: Սույն ձերբակալությունները իրավապահները փորձում են գոնե առայժմ գաղտնի պահել:
Մեզ հաջողվեց ճշտել, որ ձերբակալվածները հինգն են: Նրանցից երեքին արդեն կալանավորել են:
Սույն «միջոցառումը» տեղի է ունեցել ինչ-որ քրեական գործի շրջանակներում: Առավել մանրամասեր մեզ առայժմ հայտնի չեն:
Թե ինչու է տեղի ունեցածը գաղտնի պահվում, կարելի է միայն ենթադրել: Չի բացառվում, որ Բեգլարյանին հաջողվի այս ընթացքում «ջրից չոր դուրս բերել» իր թիկնապահներին:
Ընդամենը հիշեցնենք, որ մոտ 2.5 ամիս առաջ մամուլում հրապարակում եղավ, որ Գագիկ Բեգլարյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդուն՝ գործարարությամբ զբաղվող 25-ամյա Սերգեյ Աբովյանին, որը մի քանի հայտնի խանութներ ունի՝ «Goodlife», «Gallery of Brands»:
Վիճաբանությունը ծագել էր մեքենային ճանապարհ չզիջելու համար, վեճը վերածվել էր թեժ ծեծկռտուքի, 25-ամյա Աբովյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր ստացել, սակայն հիվանդանոց չէր դիմել եւ դեպքը իրավապահները չէին գրանցել: