Ադրբեջանի առաջնորդը նորից առիթ կունենա մի քանի «յուղոտ» ապտակ ստանալ միջազգային գագաթաժողովի ժամանակ
АналитикаՄայիսի 23-24-ը ՄԱԿ-ի կողմից առաջին անգամ կազմակերպված Համաշխարհային մարդասիրական ֆորումի ժամանակ, որն անցկացվում է Ստամբուլում և որին մասնակցում է շուրջ 177 երկիր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստի նոր չափաբաժնով է փորձել «կերակրել»:
Չբավարարվելով իր երկիրը ստի ու կեղծիքի արտադրամասի վերածելուց՝ հիմա էլ կրկին որոշել է միջազգային հարթակներում իր հորինած հեքիաթները ներկայացնել, թե Հայաստանն ագրեսոր է և արդեն 20 տարի է՝ «ցեղասպանություն» է իրականացնում Ադրբեջանի նկատմամբ:
Ամենայն հավանականությամբ, այս քայլով պաշտոնական Բաքուն նպատակ ուներ ապրիլյան քառօրյա պատերազմ սանձազերծելու և հայ զինվորների հանդեպ վայրագություններ իրականացնելու փաստից միջազգային հանրության ուշադրությունը շեղել, և այդ է պատճառը, որ ալիևյան քարոզչամեքենան հիմա էլ շտապել է նման հերյուրանքներ տարածել մարդասիրական գագաթաժողովի ժամանակ:
Հուսանք, որ գագաթաժողովի մասնակից երկրների ղեկավարներն ընդհանրապես և ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Պան Գի Մունը մասնավորապես, բավականին զարմացած կլինեն Ալիև Կրտսերի հերթական հերյուրանքները լսելով, քանի որ ամենատկարամիտ մարդու մոտ անգամ, էլ չենք ասում, պետությունների ղեկավարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասին, հարց կծագի, թե ինչպե՞ս կարող է իր սպառազինությունը բացառապես հարձակողական զենքով համալրած Ադրբեջանը հանկարծ բարձր ամբիոններից հայտարարել, թե իրենք «ցեղասպանվում են», այն էլ Հայաստանի կողմից:
Պարզ է, որ Ադրբեջանի նախագահի միջազգային հանրության հիշողությունը թմրեցնելու այս փորձը կրկին զավեշտի կվերածվի, քանի որ հայկական պատվիրակությանն այսօր անպայման կանդրադառնա թե՛ Ալիևի կողմից հնչեցված հերյուրանքներին, թե՛ նրա ստահոդ տեղեկություններին:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Orer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ստամբուլյան գագաթաժողովին Հայաստանը մասնակցում է ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությամբ: Իսկ այսօր Ա.Հովակիմյանը հանդես է գալու առանձին ելույթով:
Այնպես որ, ալիևյան հերյուրանքներն այս անգամ նույնպես անպատասխան չեն մնա: Ավելին, օգտագործելով նույն ամբիոնը, ԱԳ փոխնախարարն ամենայն հավանականությամբ միջազգային հանրության ուշադրությունը կհրավիրի ստի ու կեղծիքի արտադրությամբ զբաղված ալիևյան քարոզչամեքենայի հորինած հեքիաթների ու դրանց հետևանքների վրա:
Ասել է, թե Ալիևը կրկին ստիպված կլինի ստեղծված իրավիճակից «դուրս» գալու ելքեր փնտրել, որոնք կարծես գնալով նվազում են, իսկ Ադրբեջանի առաջնորդը նորից առիթ կունենա մի քանի «յուղոտ» ապտակ ստանալ միջազգային գագաթաժողովի ժամանակ ոչ միայն հայ, այլև եվրոպացի պատվիրակների կողմից:
Ա.Գրիգորյան