Դա վտանգավոր բարձունք է, բայց դա չի նշանակում, որ դա այդպես էլ կթողենք. դիրքը վերցնելու մեծ հնարավորություն կա. Մանվել Գրիգորյան
Общество«94 թվին հերն էր արել ու հիմա էլ նույնը տղան արեց, որովհետեւ իրոք լավ, ուժեղ պատասխան ենք տվել: Երբ գրոհայիններին ու նրանց ողնաշարը ջարդեցինք, նրանք շատ բան հասկացան: Երկրապահ կամավորականների մեջ եղել են տարբեր երկրներից եկած հայեր»,- այսպես արձագանքեց գեներալ Մանվել Գրիգորյանը լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե գուցե Ադրբեջանի՝ Ռուսաստան վազելու ու խաղաղություն խնդրելու պատճառն այն էր, որ Ադրբեջանը զգաց, որ 18 տարեկան զինվորը, Երկրապահը, հայ ժողովուրդը մեկ բռունցք են:
«Հայ ժողովուրդը, ինչպես 89 թվականից սկսած, այնպես արեց իր միասնականությամբ, որ ամբողջ աշխարհը ճանաչի հայ ազգին, հիմա եւս նույնը եղավ: Ես հպարտացա նրանով, որ զինվորները՝ մինչեւ հրամանատարական կազմ, որոնք խրամատում էին, իրար հետ միասնական, սրտացավ էին ու մինչեւ վերջին փամփուշտը կրակել են»,- ORER.am-ի փոխանցմամբ` ասաց նա:
Իսկ կորսված դիրքերի՝ 800 հա տարածքների, հայ զինվորների այն կոչերի մասին, որ տարածքներն անպայման ու հնարավորինս շուտ պետք է հետ բերել, Մանվել Գրիգորյանն ասաց. «Պատերազմը չի ավարտվել: Կան դիրքեր, որոնք մենք ենք առաջ տարել, որոշ տեղեր էլ իրենք են առաջ եկել:
Մի քանի տարի առաջ մենք ավելի շատ տարածքներ ենք առաջ գնացել, քանց էսօր իրենք, ուղղակի մի բարձրունք կա՝ Լելե Թեպե, որն այժմ իրենց մոտ է: Դա վտանգավոր բարձունք է, բայց դա չի նշանակում, որ դա այդպես էլ կթողենք: Դա ժամանակին մենք էինք վերցրել:
Ասեմ, որ էդ դիրքը վերցնելու մեծ հնարավորություն կա, միգուցե էս պահին սխալ ա նորից զոհեր տալը, բայց, մեկ է, պետք է հարմարեցնենք ու հետ վերցնենք այդ դիրքը: Դա ուղղելի բան է, այդ դիրքում 14 զինվորով 200 գրոհայինների դեմ են կռվել մեր տղաները, դա հերոսություն է»:
Իսկ քառօրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների ընտանիքներին աջակցելու վերաբերյալ էլ նշեց, որ հերոս տղաների ընտանիքներին աջակցություն է ցուցաբերվելու այնքան, որքան ԵԿՄ-ի հնարավորությունը կների:
«Մենք ԵԿՄ անդամներին ու բոլոր զոհվածների ընտանիքներին ինչով կարողանում, օգնում ենք: Մենք թե՛ բարոյական, թե՛ նյութական առումով աջակից ենք լինում մեր զոհված տղերքի ընտանիքներին, անելու ենք էն, ինչ կարող ենք անել, որովհետեւ տղաները չեն մահացել, այլ անմահացել են: Մենք այդ ընտանիքներին պետք է մեծ ուշադրություն դարձնենք, դա միայն ԵԿՄ-ի հարցը չէ, այլ բոլորինս՝ հայ ժողովրդինն է»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան