Սերգո Կարապետյանի խոստովանությունը
ОбществоԱյսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտնեց, որ իրենց կառույցում եւս նախատեսվում են ծախսերի կրճատումներ,- հայտնում է ORER.am-ը:
Նրա խոսքով՝ 2011 թվականին, երբ նախարար դարձավ, նախարարության ծախսերը կտրուկ նվազեցին:
Ինչ վերաբերում է օրերս կարկուտից տուժած բերքի վնասներին, նախարարը նշեց. «Հիմնականում վնասվել է 12 համայնք, որտեղ վնասի ծավալները կազմում են 30-80 տոկոս»:
Նորից անդրադառնալով խնայողությունների հարցին՝ նախարարը նշեց. «Գործուղումները մեզ մոտ շատ սահմանափակ են: Ես իմ պաշտոնավարման առաջին օրվանից միայն էկոնոմ կլասով եմ գնացել գործողումների՝ շատ փոքր պատվիրակությամբ՝ մեկ հոգի է ուղեկցել ինձ»:
«Քանի որ ես ամբողջ կյանքում տնտեսություն եմ ղեկավարել, ամեն ինչի հանդեպ պայքարել եմ, որ խնայողություններ լինեն: Երբ եկա նախարարություն, ջղայնանում էի, երբ ցերեկը լույերը վառ էին թողնում, իմ էությամբ ես այդպիսին եմ»,- ասաց Ս.Կարապետյանը:
Նախարարը նշեց նաեւ, որ նախարարությունում վերանորոգումներն արվել են իր հաշվին. «Տուալետները, ամբողջ միջանցքը իմ աշխատավարձի հաշվին վերանորոգել եմ, այն ժամանակ դեռ նոր էի եկել, աշխատավարձ էլ չէի ստացել»: