Անատոլի Գրիգորյանը այսօր եւս ստեղծագործում է նույն երիտասարդական թարմությամբ. արվեստագետ
КультураՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը Գեղարվեստի ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում հանրության դատին է հանձնել 2015-2016 թվականների իր 30 ստեղծագործությունները:
Նկարները բազմազան էին եւ հարուստ վառ գույներով: Նկարչի խոսքով՝ նկարների գաղափարները ի սկզբանե մտածված չեն, այլ առաջ են գալիս հենց ստեղծագործելու գործընթացում:
«Նկարում եմ այն, ինչ տվյալ ժամանակահատվածում մտքիս գալիս է, այդ մուսան հենց ստեղծագործելու ընթացքում է գալիս, նկարից նկար է ծնվում: Նաեւ աշխատում եմ, որ գույներով նկարներս ավելի հնչեղ լինեն, կոմպոզիացիան շատ շիտակ լինի, որպեսզի մարդիկ նայեն նկարներին, մի քիչ էլ իրենք մտորեն»,-ընդգծեց նկարիչը:
Նկարիչը իր աշխատանքներին յուրօրինակ անվանումներ է տվել՝ Երազ, Թղթախաղ, Բամբասանք, Անցորդը, Ճաշկերույթ:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք անվանումները հատուկ են տրված՝ կենտրոնանալով կյանքի դրվագների, հասարակության շրջանում գոյություն ունեցող ինչ-որ երեւույթների վրա. նկարիչն ի պատասխան նշեց, որ անվանումները տալիս է նկարներն ավարտելուց հետո՝ ընդգծելով, որ երբեմն հաջողվում է, երբեմն՝ ոչ, իսկ նրա ուսանողները անում են ճիշտ հակառակը:
Ցուցահանդեսին ներկա էր նաեւ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, նկարիչ Վիգեն Ղազարյանը, ով կարծում է, որ ցուցահանդեսին ներկայացված են Անատոլի Գրիգորյանի լավագույն աշխատանքները:
«Նա նույն երիտասարդական թարմությամբ նկարում է նաեւ այսօր՝ բարձր վարպետությամբ, վառ երեւակայությամբ: Նա ստեղծել է իր աշխարհը, եւ այսօր այդ աշխարհը ավելի կազմակերպված է: Միշտ հետեւել եմ իր արվեստին, նրա նման նկարիչ՝ այդ մոտիվներով, գունագծային հարաբերություններով, Հայաստանում չկա: Նրա նկարները կենսական էներգիա են ներշնչում դեպի բարին, դեպի երեւակայությունը»,- ասաց արվեստագետը:
Ցուցահանդեսը բացվել է մայիսի 20-ին, կտեւի 10 օր, ներկայացված է 30 աշխատանք:
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը ծնվել է 1941 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (1956-1961), ապա՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը (1962-1967)։ 1967-1976 թվականներին աշխատել է նկարիչ-բեմադրող՝ հայկական հեռուստատեսության ստուդիայում։ 1970 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է, 1977 թվականին ընտրվել է Հայաստանի նկարիչների միության քարտուղար, 1978 թվականին՝ ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության անդամ։
Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվել են Ռուսաստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում,յՉեխոսլովակիայում, Ավստրիայում, Հնդկաստանում, ԱՄՆում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ԳՖՀ-ում, այժմ ցուցադրվում են Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի պետական պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Վանաձորի պատկերասրահում, մշակույթի նախարարության ֆոնդում, Ռուսաստանի և Հայաստանի նկարիչների միությունում, ինչպես նաև՝ բազմաթիվ անձնական հավաքածուներում։