Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանն ու Հայ առաքելական եկեղեցու գլխավոր եւ նվիրական սրբությունները
ОбществоՍուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը հիմնադրել է Գեւորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսը 1869 թվականին: Ավանդատուն-թանգարանում ներկայացված են Հայ առաքելական եկեղեցու գլխավոր եւ նվիրական սրբությունները` Նոյյան տապանի մասունքը, Սուրբ Գեղարդը, որով Խաչելության ժամանակ խոցվեց Քրիստոսի կողը, Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքն ամփոփոխ երեք պատմական մասնատուփերը` Խոտակերաց Ս. Նշանը, Աշոտ Երկաթի խաչը եւ Արագածի Ս. Նշանը, ինչպես նաեւ Ս. Անանիայի, Ս. Սահակ Պարթև Հայրապետի, Ս. Հովհաննես Մկրտչի, Ս. Ստեփանոս Նախավկայի, Ս. Գրիգոր Նարեկացու, Ս. Սարգսի, Ս. Գեւորգ Զորավարի և այլ սրբոց մասունքներով մասնատուփերը:

Ներկայացված են նաեւ 17-19-րդ դարերի տպագիր ավետարաններ, որոնց կազմերը պատրաստված են արծաթից ու զարդարված կիսաթանկարժեք քարերով:

Թանգարանի նշանավոր ցուցանմուշներից է Մյուռոնի պատրաստման կաթսան, որը Մայր Աթոռին են նվիրել ռոստովաբնակ հայերը 1895 թվականին: Այն պատրաստված է մաքուր արծաթից, կշռում է 70 կգ, ունի մոտ 200 լիտր տարողություն: Նշենք, որ կաթսան դուրս է բերվում բացառապես Մյուռոնօրհնեքի հանդիսավոր արարողության ժամանակ:

Ոչ պակաս արժեքավոր եւ ուշագրավ են հայրապետական ու վարդապետական գավազանները, որոնք հիմնականում պատրաստված են արծաթից, փղոսկրից: Ներկայացված են նաեւ շուրջառներ, եկեղեցական զգեստների այլևայլ մասեր՝ ոսկեթել, արծաթաթել և մետաքսաթել ասեղնագործված, պատված՝ մարգարիտներով:

Այնտեղ ներկայացված են նաեւ Հայ առաքելական եկեղեցու այլ արժեքավոր սրբություններ, որոնք արժե կյանքում գոնե մեկ անգամ տեսնել և հոգեպես հաղորդակցվել դրանց զորությանը:


Սոսե Չանդոյան