Փաստաբանները դատարանում պարզում են իրենց խոսքի ազատության և էթիկայի շրջանակները
ОбществоՄայիսի 27-ին Կենտրոն դատարանում դատավոր Ռ. Ներսիսյանի նախագահությամբ շարունակվել է փաստաբան Երվանդ Վարոսյանի հայցի քննությունն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի:
Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 2015թ. դեկտեմբեր 17-ին որոշում էր կայացրել կարգապահական պատասխանատվության ենթարկել փաստաբանին այն բանի համար, որ վերջինս Facebook սոցիալական ցանցի իր էջում կատարել էր հետևյալ գրառումները.
«Կարելի է միայն հպարտանալ նրանով, որ քո դեմ որոշ չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են պատվիրում (հատկապես պնդուկ ուղեղով չորքոտանիները): Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես», ինչպես նաև «Մեկ էլ կայֆ ա, որ քեզնից հղիներով հավաքվում ու նյութի տակ լայքադրսևորվում են ))) »:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը համարել էր, որ փաստաբանի այս վարքագիծը չի համապատասխանում փաստաբանների էթիկայի կանոններին և Վարոսյանին խիստ նկատողություն էր հայտարարել: Ի դեպ, Փաստաբանների պալատի որոշմամբ հաշվի էր առնվել նաև այն հանգամանքը, որ Վարոսյանը նույնպես ՓՊ խորհրդի անդամ է և չպետք է նման գրառում կատարեր սոցիալական ցանցի իր անձնական էջում և այն հրապարակեր:
Փաստաբանին պատասխանատվության ենթարկելով՝ խորհուրդը գտել էր, որ խորհրդի անդամն առանձնահատուկ զսպվածություն պետք է դրսևորի, որպեսզի իր վարքագծով փաստաբանական համայնքի կամ հասարակության մոտ անլուրջ տպավորություն չթողնի: Հակառակ դեպքում, «անզուսպ» և «անպատասխանատու» վարքագիծ ցուցաբերած խորհրդի անդամի կողմից կարգապահական գործերին մասնակցելը կնվազեցնի նաև փաստաբանների վստահությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:
Դատական նիստի ժամանկ փաստաբան Ե. Վարոսյանը կարծիք է հայտնել, որ ՓՊ որոշումն իրավաչափ չէ, իսկ նմանատիպ գրառումներ կատարելով իր խոսքի ազատությունն է դրսևորել:
Ըստ Վարոսյանի՝ հատկապես նման կարծիք ունենալով և այն արտահայտելով է նա նպաստում փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:
Վարոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, հարց ուղղելով ՓՊ շահերը ներկայացնող ՓՊ նախագահի տեղակալ Արթուր Հովհաննիսյանին, փորձել է պարզել, թե Ե. Վարոսյանի կողմից հնչեցված արտահայտություններից որն է վիրավորական և ինչ հոդվածի մասին է խոսքը, քանի որ նրա գրառման մեջ հոդվածի մասին խոսք չկա: Ա. Սիրունյանը խնդրել է հայտնել նաև այն մարդու անունը, ով վիրավորվել է Վարոսյանի գրառումից:
Ի պատասխան հարցին՝ ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը, պնդելով պալատի որոշումը, նշել է, որ պալատի խորհուրդը գտնում է, որ փաստաբանը չի կարող իրեն թույլ տալ հրապարակավ այնպիսի արտահայտություններ կատարել, ինչպիսին «…. քեզնից հղիներով հավաքվում ու նյութի տակ լայքադրսևորվում են»:
Ա. Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ այդ արտահայտությունները չեզոք դիտորդների կողմից կարող են ընկալվել որպես վիրավորական խոսքեր՝ ուղղված այլ փաստաբանների հասցեին, ուստի նման արտահայտությունները հարիր չեն փաստաբանին, առավել ևս խորհրդի անդամին, ով կոչված է կարգապահական գործերին մասնակցել, այդ թվում՝ նախագահել ու կիրառել ՓՊ կանոնագիրքը:
Կողմերի ելույթներից հետո դատարանը հեռացել է վճիռ կայացնելու, որը կհրապարակվի մոտ օրերս: