ՀԷՑ-ի կողմից ներկայացված ճոխ թվերի հետևում չոր հաշվարկներն են, որի դիմաց վճարել է բնակիչ-բաժանորդը
АналитикаՀԷՑ-ի կայքէջից տեղեկանում ենք, որ մարտին բնակիչ-բաժանորդների կողմից սպառած էլեկտրաէներգիայի դիմաց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից մարտին բնակչության համար սուբսիդավորման ենթակա գումարը գերազանցել է 514 մլն դրամը, ինչը 35 մլն-ով ավելի է փետրվարի համեմատ: Ապրիլին հիմնադրամի կողմից սուբսիդավորվել է 571 մլն դրամ, ինչը 33 մլն դրամով ավելի է նախորդ ամսվա համեմատ։ ՀԷՑ-ի հաշվարկներով՝ բնակիչ-բաժանորդների ավելի քան 80 տոկոսն ապրիլին օգտվել է փոխհատուցումից և բնակչության համար սուբսիդավորման ենթակա գումարը գերազանցել է 547 մլն դրամը։
Հիշեցնենք, որ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, սուբսիդավորում տրամադրվում է ամսական մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին և մինչև 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-ներին՝ 250 կՎտ-ի դիմաց: Կառավարությունը և ՀԷՑ-ի նոր ղեկավարությունը համաձայնության են եկել, որ փոխհատուցման տրամադրումը շարունակվելու է մինչև 2016թ. հուլիսի 31-ը։
Տեղեկացնենք նաև, որ մոտ մեկ տարի առաջ ՀԾԿՀ-ն որոշում էր կայացրել 7 դրամով թանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ ցերեկային ժամերին այն սահմանելով 48.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ գիշերային ժամերին՝ 38.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Զավեշտալին, սակայն, այստեղ այն էր, որ ինչպես և սպասվում էր, կառավարությունը որոշ թվացյալ զիջումների գնալով ցույց տվեց, թե ընդառաջում է հասարակության պահանջին և հոսանքի սակագնի 7 դրամով ավելացումը սուբսիդավորվելու է: Սակայն ձմռան ամիսներին, երբ օրերն ավելի կարճ են, իսկ եղանակը՝ ցուրտ, բնականաբար, պարզ դարձավ, որ հասարակության կողմից հոսանքի սպառումը հիմնականում գերազանցում է նշված 250 կՎտ-ը: Այսինքն, բնակիչ-բաժանորդների մի ստվար զանգված, բնականաբար, պետք է ավտոմատ դուրս մնար «սուբսիդավորում» կոչվող արտոնությունից:
Ու քանի որ մի կողմից՝ եղանակն է տաքացել, իսկ մյուս կողմից՝ մութն է ուշ ընկնում, այդ իսկ պատճառով էլ բնակիչ-բաժանորդների կողմից սպառած էլեկտրաէներգիայի չափը գրեթե չի գերազանցում 250 կՎտ-ը: Դրա հետևանքով էլ ամսեամիս ավելանում է այն բնակիչների թիվը, ովքեր օգտվում են սուբսիդավորումից:
250 կՎտ-ի շեմը փաստացի հատած բնակիչները ստիպված են եղել սպառած հոսանքի համար վճարել նոր սակագնով: Ասել է, թե ձմռան ամիսներին ՀԷՑ-ը բնակչության ստվար մասից նոր սակագնով է գանձումը կատարել ու դրա շնորհիվ բավականին ավել գումար է կարողացել հավաքագրել, որը հիմա կօգտագործի որպես սուբսիդավորում:
Ինչ վերաբերում է ներկայումս ՀԾԿՀ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտին, ապա դրա հիմքում հասարակության կողմից այդպես էլ չընդունված սակագներն են՝ ցերեկային ժամերի համար 48.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ գիշերային ժամերին՝ 38.78 դրամ/կՎտժ` կրկին ներառյալ ԱԱՀ-ն:
Ստացվում է, որ չնայած ՀԷՑ-ը ճոխ-ճոխ թվեր է ներկայացնում, թե այս ընթացքում ինչքան է կազմել սուբսիդավորումը, բայց, չգիտես ինչու, չի ներկայացնում, թե հոսանքի նոր սակագնով հավաքագրած գումարներից որքան շահույթ է ստացվել: Այսինքն, կոպիտ հաշվարկներով, ձմռան ամիսներին ժողովրդից նոր սակագնով գանձած գումարի 7 դրամներով հիմնադրամը կարող է փակել գարնան ու ամռան ամիսներին իր կողմից խոստացած սուբսիդավորման գումարները: Այնպես որ, ՀԷՑ-ի կողմից ներկայացված ճոխ թվերի հետևում կրկին չոր հաշվարկներն են, որի դիմաց կրկին վճարել է հասարակությունը:
Ա.Գրիգորյան