60-ից ավելի բեյսջամփերներ Տաթևում առաջին անգամ կթռչեն ճոպանուղու խցիկներից
ОбществоՀայաստանում հունիսի 5-10-ին համախմբվելու են 8 երկրների 60-ից ավելի բեյսջամփերներ: Էքստրեմալ սպորտի սիրահարներն առաջին անգամ հնարավորություն կունենան Տաթևում մասնակցելու առաջին անգամ անցկացվող BASE Fest միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`տարբեր երկրներում բեյսջամփերները թռիչքներ են իրականացնում շենքերից, Տաթևում մարզիկներն առաջին անգամ կթռչեն ճոպանուղու խցիկներից: Վեցօրյա փառատոնը, որի նպատակն է ակտիվացնել զբոսաշրջությունը Հայաստանում, կմեկնարկի հունիսի 5–ին: Մասնակիցներին սպասում են հետաքրքիր մարզական, մշակութային և ժամանցային միջոցառումներ, որոնք կանցկացվեն «ՏաԹևեր» ճոպանուղու ամբողջ տարածքում: Մասնակիցներ կլինեն Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից: Նրանք արդեն հասցրել են մասնակցել թեստային թռիչքների, որոնք տեղի են ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին:
BASE Fest-ով հետաքրքրվողները կարող են զբոսաշրջավարի ուղեկցությամբ արշավային տուր պատվիրել և մոտ տարածությունից տեսնել, թե ինչպես են բեյսջամփերները վայրէջքներ կատարում: Նախատեսվում է նաև ամբողջ ընթացքն ուղիղ եթեր հեռարձակել համացանցով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան դիտել զբոսաշրջային և մարզական միջոցառումը: Մինչ միջոցառման մեկնարկը կազմակերպիչները կանցկացնեն նախահավաքույթ, որը տեղի կունենա հունիսի 3–ին Downtown ակումբում: Երեկոյին կմասնակցեն բոլոր այն մարզիկները, ովքեր կհասցնեն ժամանել Հայաստան: Կներկայացվի տեղեկատվություն բեյսջամփինգի մասին: Միջոցառմանը ելույթ կունենա DJ Karo Pillz-ը, ով նվագելու է նաև Տաթևում: Երեկույթի մասնակիցներին կբաժանվեն տարբերակիչ ապարանջաններ, որոնց շնորհիվ նրանք առավելություններ կունենան Տաթևում:
BASE Fest փառատոնն իրականացնում է Go2Armenia զբոսաշրջային ընկերությունը: Թռիչքների հատվածը կազմակերպում է Գլեբ Վորեվոդինը, ով հայտնի բեյսջամփեր է:
Բեյսջամփերները բավականին ցածր՝ 320 մետր բարձրությունից, իրականացնում են պարաշյուտային թռիչքներ: Բեյսջամփինգը էքստրեմալ սպորտաձև է և Հայաստան ժամանող բոլոր մարզիկներն ապահովագրված են:
«ՏաԹևեր» ճոպանուղին դեպի Սյունիքի բնական և պատմական հարստությունները տանող օդային ճանապարհ է: Այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է (5752 մ):
