Երեխաների պաշտպանության օրը՝ քննություն ծնողների համար
АналитикаՀունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, ՀՀ Փաստաբանների պալատը Save the Children Armenia երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության հետ միասին հայտարարել էին «Ես իրավունք ունեմ» խորագրով շարադրության մրցույթ: Արդյունքներն արդեն ամփոփված են, մրցանակները հանձնված, սակայն, համեմատելով մրցույթին մասնակցած երեխաների երազանքները, օրինակ՝ պատգամավորների թոռների կամ երեխաների երազանքների հետ, ավելի շատ կարելի է տխրել, քան զվարճանալ:
Անշուշտ, յուրաքանչյուր ծնողի երազանքն է անվերապահորեն կատարել իր երեխաների բոլոր երազանքները, սակայն տխրեցնող է, երբ մի դեպքում երեխաները երազում են սեփական աչքերով հրավառություն տեսնել, իսկ մյուս դեպքում առանց վարանելու կատարվում է երեխայի՝ iPhone ունենալու երազանքը, որովհետև հենց դա է երեխան ուզում:
Ուրիշի փողերը հաշվելը, իհարկե, անշնորհակալ գործ է, սակայն հենց այդ տարիքից է մարդկանց միջև դրված անհավասարության նշանը հետո մեծանում, մեծանում ու դառը պտուղներ տալիս: Իսկ ինչո՞ ւ են ծնողները տուրք տալիս իրենց երեխաների՝ iPhone ունենալու ցանկությանը, որը, չգիտես ինչու, արդեն տենդի է վերածվել և ինչո՞ւ դրա փոխարեն իրենց երեխաներին չեն առաջարկում այդ հեռախոսի գումարը ծախսել իրենց հասակակիցների հետ շփվելու, մանկական զբոսայգիներ այցելելու և հրավառություններ կազմակերպելու վրա:
Փոխարենը, որպես երեխայի ցանկություն, վազում են խանութ ու գնում մի բան, որն այդ տարիքի երեխայի համար ոչ թե անհրաժեշտություն է, այլ ընդամենը բակում ու դպրոցում «լավ տղա» խաղալու և հայրիկի «հնարավորությունները» այս ու այնտեղ ցուցադրելու միջոց: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե հայոց սահմանների խաղաղությունն ամեն ինչից վեր դասող ու հրավառության լույսերի մասին երազող երեխայի ու մանկությունն iPhone-ներով անցկացրած և ծնողների կողմից բոլոր հավանական և անհավանական երազանքներն իրականացված երեխայի միջև զրույցն ինչի մասին կարող է լինել, քանի որ նրանք իրականում բոլորովին այլ արժեհամակարգերով են ապրում, բայց վստահ կարելի է պնդել, որ չափահաս տարիքում արդեն նրանց զրույցն իր բովանդակությամբ նույն սարերի ու ձորերի տարբերությունը կունենա, ինչպես նրանց մանկության երազանքները:
Պատկերն ավելի է սրվում, երբ նման վարքագիծ է դրսևորում ոչ թե մի սովորական միջին «կալիբրի» փողատերի որդի, այլ պատգամավորի, ով իր կուսակցական պատկանելությունից ելնելով ամենաբարձր ամբիոններից խոսում է երկրի ապագայի ու այլ վեհ գաղափարների մասին, բայց իր երեխային հենց մանկուց վարակում է մի ախտով, որը վաղը դառնալու է խնդիր:
Այսպիսին է նույն ժամանակներում ու նույն երկրում ապրող, բայց երկու տարբեր միջավայրերում մեծացող երեխաների միջև առկա տարբերությունը և այստեղ ո՛չ ռուսն է մեղավոր, ո՛չ թուրքը, ո՛չ էլ ադրբեջանցին: Պարզապես երեքն էլ ինչ-որ տեղ օգնում են բացել փակագծերը, տեսնել իրականությունը և դրանից հետևություններ անել:
Արմինե Գրիգորյան