Եվրոպական ներդրումային բանկը նախատեսում է գրավիչ վարկեր տրամադրել ՓՄՁ-ներին ու խոշոր բիզնեսին
Экономика«Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի մասնակցությունը Եվրոպական ներդրումային բանկի ու հիմնադրամի հետ համագործակցության նոր դարաշրջան է բացում:
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Եվրոպական ներդրումային բանկի վարկավորման բաժնի ղեկավար Հայնց Օլբերսը` «Աջակցություն նորարարություններին Հայաստանու մ» խորագրով համաժողովին ընդառաջ:
Երևանում ընթանում է «Աջակցություն նորարարություններին Հայաստանում» խորագրով համաժողովը, որի ընթացքում Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական ներդրումային հիմանդրամի կողմից ներկայացվում են Հայաստանում նորարարությունների ֆինանսավորման նոր գործիքներ: Այդ գործիքակազմը հասանելի է դարձել 2016 թվականի մայիսի 19-ին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրմամբ: «Հորիզոն 2020»-ը հետազոտությունների և նորարարության ոլորտի հանրային ֆինանսավորման խոշորագույն ծրագրերից է:
«Եթե մինչև այժմ մենք կենտրոնացել ենք հիմնականում ենթակառուցվածքային ծրագրերի վրա, օրինակ, տրանսպորտ և էներգետիկա, ապա այս ծրագիրն ապագայում մեծ հնարավորություն կտա կենտրոնանալու նաև մասնավոր սեկտորի վրա, խոսքը ՓՄՁ-ների ու նաև մեծ բիզնեսների մասին է: Ծրագիրը հատկապես կենտրոնանալու է նորարարական ձեռնարկությունների վրա, այստեղ է, որ մենք տեսնում ենք, որ Հայաստանը ուժեղ հիմք ունի, և մենք ուրախ կլինենք համագործակցելու»,-ասաց Օլբերսը: Նա նկատեց, որ Հայաստանում են ավելի լավ ճանաչելու այստեղ գործող կազմակերպություններին, նորարարական լուծումները հաջողությամբ կիրառող ընկերություններին, բայց նախապես գիտեին, որ Հայաստանում հատկապես ուժեղ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:
ԵՆԲ-ի ներկայացուցչի խոսքով` Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում 2010 թվականից, ունեն հաջողված ծրագրեր, իսկ ստացված օժանդակությունը ծառայել է իր նպատակին ու եղել է հասցեական:
«Հայաստանը տարածաշրջանում չորրորդն է մեկ շնչին բաժին հասնող օժանդակության առումով: Ի լրումն այն փաստաթղթերի, որ ստորագրվել են, մենք ակատես ենք եղել, որ դրամական միջոցները հասնում են հասցեատերերին: Կարծում եմ` Հայաստանը շատ լավ դիրքերում է տարածաշրջանում այս ծրագրի առաջամարտիկներից լինելու համար»,- հավելեց եվրոպացի պաշտոնյան:
Ինչ վերաբերում է Հայաստանի ներդրումային գրավչությանը, ապա, ըստ Օբերսի, այն ավանդաբար ունեցել է լավ ներդրումային հնարավորություններ, բայց և ներկայում մի քանի մարտահրավերների է բախվել ու իրենք ճիշտ ժամանակին են եկել այստեղ Հայաստանին օգնելու համար:
Եվրոպական ներդրումային բանկը 2010 թվականից Հայաստանի տարբեր ծրագրերի համար հատկացրել է 270 միլիոն եվրո վարկ: