Հանքարդյունաբերության զարգացումը կառավարության ուշադրության կենտրոնում է. Հովիկ Աբրահամյան
ЭкономикаՎարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 2-ին այցելել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան: Ձեռնարկությունը ռուսաստանյան մասնավոր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հիմնական ակտիվն է Հայաստանում, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման գործարանը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Կառավարության ղեկավարը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և «Ալբիոն» նոր տեխնոլոգիական հոսքագծի աշխատանքներին: Այն շահագործման է հանձնվել 2014 թ. և ապահովում է ոսկու կորզման ամենաբարձր մակարդակը՝ պահպանելով բնապահպանական չափանիշները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետին ներկայացվել է, որ «Ալբիոն» տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հեշտ և արդյունավետ վերամշակել սուլֆիդային հանքաքարը՝ մետաղի առավելագույն կորզումով, կիրառվել է Ավստրալիայում՝ ցինկի և պղնձի հանքերում, Դոմինիկյան Հանրապետությունում, ինչպես նաև Ռումինիայում՝ ոսկու վերամշակման նպատակով: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահը նշել է, որ ոսկու կորզման նպատակով այս տեխն ոլոգիայի կիրառումը Հայաստանում առաջին փորձն է աշխարհում:
Գործարանի արդիականացման արդյունքում աշխատատեղերի թիվն ավելացել է 130-ով. ներկայում ընկերությունում աշխատում է 1038 մարդ, որից 421-ը՝ գործարանում, 617-ը՝ Սոթքի հանքավայրում:
Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը կարևորել է ընկերության գործունեությունը և ծրագրերը՝ նշելով, որ ձեռնարկությունը խոշոր ներդրումներ է կատարում Հայաստանի Հանրապետությունում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ միջազգային շուկայում մետաղների գների անկումը խաթարում է հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների բնականոն աշխատանքը, բայց Արարատի ոսկու կորզման գործարանը գտնվում է լավ վիճակում, արտադրական հզորությունները բարձր են, և ողջունելի է աշխարհում ոսկու կորզման տեխնոլոգիայի կիրառումը Հայաստանում: Նշելով, որ 2015 թ. և 2016 թ. առաջին եռամսյակում հանքարդյունաբերության ոլորտում ծավալների աննախադեպ աճ է արձանագրվել, ինչը նպաստում է նաև տնտեսության ակտիվությանը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ոլորտի զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրն անհրաժեշտության դեպքում կաջակցի, որպեսզի գործարանները շարունակեն բնականոն հունով աշխատել: