Ապուրները նվազեցնում են դիաբետի զարգացման ռիսկը. գիտնականներ
Lifestylemed.news.am-ը գրում է.
Ապուրները ոչ միայն մարդկանց օգնում են նիհարել, այլեւ նվազեցնում են դիաբետի զարգացման ռիսկը, ինչպես ցույց է տվել Preview Project լայնածավալ հետազոտությունը:
Preview Project-ն իրականացվում է Եվրամիության նախաձեռնությամբ եւ 8 երկրի մասնակցությամբ, որոնց թվում են Ավստրալիան եւ Նոր Զելանդիան. Հետազոտության նպատակը 2 –րդ տեսակի դիաբետի կանխարգելման ռազմավարության փնտրտուքն է: Հետազոտության արդյունքները կքննարկվեն European Obesity Summit-ի Շվեդիայում սկսվող գիտական կոնգրեսում:
Այս նախագծին Եվրոպայից, Նոր Զելանդիայից եւ Ավստրալիայից 2500 մարդ է մասնակցել 2-րդ տեսակի դիաբետի զարգացման բարձր ռիսկով, այսինքն, որոնք այսպես կոչված նախադիաբետային վիճակում են` արյան մեջ շաքարի բարձր մակարդակով եւ ավելորդ քաշով:
Նրանց բաժանել են խմբերի, որոնք 8 շաբաթվա ընթացքում սպիտակուցների եւ ածխաջրերի տարբեր պարունակությամբ սննդակարգերի են հետեւել, ինչպես նաեւ` ֆիզիկական տարբեր ծանրաբեռնվածությամբ ռեժիմների: Արդյունքներն ամփոփելիս պարզվել է, որ առավել արդյունավետ է եղել այն խմբի ռեժիմը, որում հիվանդները բավականին խիստ սննդակարգի են հետեւել, որը չի գերազանցել օրը 800 կալորիան: Միաժամանակ փորձարկվողները սնվել են միայն ապուրներով եւ կաթնային կոկթեյլներով:
Երկու ամսում այս խմբի կամավորները միջինը նիհարել են 10 կգ-ով` կորցնելով մարմնի զանգվածի մոտավորապես 10,8 տոկոսը: Նախադիաբետիկ վիճակի` դիաբետի անցման վտանգը նվազել է 90 տոկոսով: