Գիտնականներ. Մարդկությունը շներին ընտելացրել է ոչ թե մեկ, այլ երկու անգամ
Lifestylenews.am-ը գրում է.
Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ հնագույն մարդիկ շներին ընտելացրել են երկու անգամ: Այս մասին գրում է Informing-ը՝ վկայակոչելով Science-ը:
Բրիտանացի մասնագետները գենետիկ հետազոտություն են անցկացրել, որը թույլ տվել որոշ մանրամասներ պարզել այն մասին, թե ինչ փուլերով է ընթացել շների ընտելացումը:
Նրանք ուսումնասիրել են 3-14 հազար տարի առաջ Եվրոպայի տարածքում բնակվող շների մնացորդների գենոմը: Ուսումնասիրության համար նրանք ընտրել են Դուբլինի մերձակայքում հայտնաբերված շան մնացորդները, որը մահացել է շուրջ 5 հազար տարի առաջ:
Մնացորդների միտոխոնդրիալ ԴՆԹ-ի 59 հաջորդականությունը համեմատելով ժամանակակից շների եւ գայլերի ԴՆԹ-ների հետ՝ նրանք հայտնաբերել են, որ Արեւմտյան Եվրոպայի եւ Արեւելյան Ասիայի շների գենոմները զգալիորեն տարբերվում են:
Արդյունքում նրանք հանգել են եզրակացության, որ շների ընտելացման գործընթացը տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ երկու անգամ: Այսինքն՝ ժամանակակից Եվրոպայի բնակչությունն ընտելացրել է վայրի կենդանիների մի տեսակ, իսկ Արեւելյան Ասիայի բնակիչները՝ իրենց տարածաշրջանում բնակվող մեկ այլ տեսակ: Իսկ ավելի ուշ տեղի է ունեցել տեսակների խաչասերումը: