Կուրսանտի սպանության գործով տուժողի իրավահաջորդի նոր ներկայացուցիչ կընդգրկվի
ОбществоNEWS.am-ը գրում է.
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով հունիսի 6-ին կայանալիք դատական նիստին տուժողի իրավահաջորդի նոր ներկայացուցիչ կընդգրկվի գործում:
Այս մասին NEWS.am-ին ասաց կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:
Տուժողի իրավահաջորդի նոր ներկայացուցիչը կլինի փաստաբան Անի Թորոսյանը:
«Ես Գարիկ Գալիկյանի ծառայությունների դժգոհ չեմ, ոչ մի խնդիր չկա: Ինձ նման գործերով զբաղվող հասարակական կազմակերպությունից առաջարկեցին, համաձայնել եմ, որ մեկ ուրիշ փաստաբան եւս ընդգրկվի: Կարծում եմ՝ երկու գլուխը ավելի լավ կլինի»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: