Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը
КультураԱրամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվում է դիրիժորություն մասնագիտությամբ: Համաձայն ավանդույթի՝ մրցույթը մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը:
«Մրցույթն ամեն տարի ընդլայնում է իր շրջանակները: Այս ընթացքում բարձրացել է կատարողական վարպետության մակարդակը, ավելացել է ժյուրիի ներկայացուցչական կազմը, և ամեն անդամ մի նորամուծությամբ է հանդես եկել՝ մասնավորապես սահմանելով նոր մրցակարգեր»,- նշեց ՀՀ մշակույթինախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:Նա հավելեց, որ սա լավագույն պրոֆեսիոնալ հայկական մրցույթներից է, որ վերջին 2-3 տարում նաև բուռն միջազգային գործունեություն ծավալում:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն ասաց, որ սկզբում կային կասկածներ՝ արդյոք այս տարի կլինե՞ն մասնակիցներ: «Արդյունքում՝ մրցույթին մասնակցելու համար 29 երկրներից դիմած 57 երիտասարդ դիրիժորներից ընտրվել են 12-ը»,- հավելեց Սմբատյանը: Մասնակից երկրների թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Լեհաստանը, Խորվաթիան, Ճապոնիան, Լիբանանը, Հարավային Կորեան ու Սինգապուրը:
«Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանն ընդգծեց, որ մրցույթի ամենամեծ ձեռքբերումը եղել է 2013 թվականին, երբ այն դարձավ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ:
Անդրադառնալով մասնակիցների գնահատման չափանիշներին՝ ժողովրդկան արտիստ և մրցույթի ժյուրիի անդամ Յուրի Դավթյանն առաջին հերթին կարևորեց մասնակցի՝ ստեղծագործության իմացությունը, այնուհետև առանձնացրեց նրա անհատական և յուրօրինակ մոտեցումը:
Այս տարի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի ժյուրիի անդամներն են Կոստանտին Օրբելյանը, Յուրի Դավթյանը, Մարկ Հիլդրյուն, Դեյվիդ Ուելթոնը, Միխալիս Իկոնոմուն, Թոմաս Յակսիկը, Վահագն Պապյանը: Պատվավոր հյուրերի ցանկում են Էլժբետա Պենդերեցկան, Դոնաթելլա Ֆլիքը, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թատրոնի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը: