Ամենաքիչը $2 մլն. լրատվամիջոցները գնահատել են Սամվել Կարապետյանի որդու հարսանեկան արարողությունը (լուսանկարներ)
LifestyleՀունիսի 4-ին մոսկովյան «Սաֆիսա» ռեստորանային համալիրում, որը հյուրընկալում է Մոսկվայի ամենաճոխ ու թանկարժեք հարսանիքները, կայացել է միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու` 23-ամյա Սարգիս Կարապետյանի հարսանեկան արարողությունը:
Ամենահամեստ հաշվարկների համաձայն՝ ռուսաստանաբնակ միլիարդատերը, ով հանդիսանում է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերը, որդու երջանկության համար միջոցներ չի խնայել ու ծախսել է ամենաքիչը 2 մլն դոլար:
Խնջույքի ժամանակ հարսը` 25-ամյա վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլին, 3 անգամ զգեստափոխվել է`500-ից ավելի հյուրերի մոտ ներկայանալով Elie Saab և Alessandra Rich կուտյուրային թանկարժեք հանդերձներով, ինչպես նաև՝ ազգային ճերմակ տարազով:
Գեղեցկուհու վարսերը զարդարել է Tiffany&Co բրենդի Savoy ճոխ զարդը, որի արժեքը գերազանցում է 200.000 դոլարը, գրում է elle.ru-ն։ Հետաքրքրական է, որ տվյալ զարդը «Մեծն Գեթսբի» ֆիլմում կրել է գլխավոր դերակատարուհի Քերի Մալիգանը:
Բացի այդ, մեծ գումար է ծախսվել հարսանեկան աննկարագրելի ճոխ տորթի վրա, որն այնքան մեծ է եղել, որ դահլիճ բերելիս դիպել է ջահերին: Հարսանեկան արարողության հաղորդավար Անդրեյ Մալախովը տորթն անվանել է «հրուշակագործության գլուխգործոց», իսկ նրա գործընկերուհի Վերա Բրեժնևան չի դիմացել ու տորթի լուսանկարը տեղադրել է Instagram-ում:
Մինչդեռ նորապսակների ու հյուրերի ուրախ ժամանցն ապահովելու համար հրավիրվել են ռուսական շոու բիզնեսի բազում հայտնի աստղեր, սակայն ամենահիշարժան ելույթը եղել է ամերիկյան հանրահայտ Maroon 5 խմբինը: Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ այս ելույթի համար Maroon 5-ին վճարվել է 500.000-800.000 դոլար:









