ՓՊ-ում Արա Զոհրաբյանն ու Արման Թաթոյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին
ОбществоԱյսօր ՀՀ Փաստաբանների պալատում Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հիմք ընդունելով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը ՀՀ Սահմանադրությանը եւ միջազգային պայմանագրերին համապատասխան ապահովելու բարձր առաքելությունը եւ ղեկավարվելով մարդու իրավունքների եւ հիմնարարար ազատությունների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ու գործնականում դրանց իրացման իրական երաշխիքների ամրապնդմամբ, ստորագրեցին համագործակցության հուշագիր:
«Մարդու իրավունքների պաշտպանը կարող է անարգել այցելել զորամիավորումներ, ձերբակալման վայրեր, նախնական կալանք ու քրեական պատիժ իրականացնող հիմնարկներ: ՄԻՊ-ը կարող է նաեւ Սահմանադրական դատարան ներկայացնել օրենքների, նորմերի վերաբերյալ սահմանադրականության դիմումներ»,- ասաց ՓՊ նախագահը՝ հավելելով, որ քաղաքացին կարող է Սահմանադրական դատարան դիմել այն դեպքում, երբ սպառում է ներպետական երեք ատյաններով:
«Այսուհետ Փաստաբանների պալատի ու ՄԻՊ-ի համագործակցությունը կնպաստի մարդու իրավունքների պաշտպանության գործին: Լինում են դեպքեր, երբ անձանց ազատությունը սահմանափակող վայրերում լինում են խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի այլ դեպքեր: ՄԻՊ-ի գրասենյակի դիմումի միջոցով, արագ արձագանքման խմբով, դա հնարավոր է արձանագրել: Իհարկե, նախկինում եւս համագործակցություն ունեցել ենք, սակայն այսօր արդեն այդ համագործակցությունը որակապես նոր հարթության վրա արձանագրեցինք», -իր խոսքում նշեց Ա. Զոհրաբյանը:
Սոսե Չանդոյան