Ջանջուղազյանին դուր եկավ Փաշինյանի պատմած Պետոյի պատմությունը
ОбществоԱյսօր ԱԺ քառօրյա նիստում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին: Պատգամավորը հայտարարեց, որ վերջին չորս տարիների բյուջեների կատարողականի քննարկումները վերլուծելիս հիշում է «Կարգին հաղորդման» մանրապատումներից մեկը, երբ հիմնանորոգվող բնակարանի տերը մեկ ամիս անց մտնում է տուն ու արձանագրում, որ նորոգող վարպետը՝ Պետոն, որեւէ բան չի արել: Եվ երբ բնակարանի տերը հարցնում է, թե ինչ ես արել այս ընթացքում, Պետոն ասում է. «Լուսամուտը դրիմ»: «Հետո՞»,- հարցնում է բնակարանի տերը: «Լուսամուտը դրիմ, էտ պահին գյաջը թափվեց, էտ էլ սիրուն մաքրիմ ու պատուհանը փակիմ: Հիմա նայում ես՝ վախ»,- ասում է Պետոն:
Նիկոլ Փաշինյանն այս օրինակով փորձեց հասկացնել, որ վերջին չորս տարվա բյուջեների կատարողականներում էլ գրված է` Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծերի անցկացում: Բյուջեի կատարողականն ասում է. «Դե, նախագիծը գծիմ, մրցույթ հայտարարիմ, միջազգային խորհրդատուներ հրավիրիմ …»: Եվ այսպես շարունակ` բոլոր ծրագրերի մասով՝ Իրան-Հայաստան երկաթուղի, Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի անցկացում:
«Բայց կոնկրետ ի՞նչ է արվել, տեսնում ենք, որ ոչ մի բան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Մինչ պատասխանելը պարոն Ջանջուղազյանը նախ՝ բարձր գնահատեց պարոն Փաշինյանի յուրահատուկ մոտեցումը հարցին. «Հարցի գեղարվեստական մասը, իհարկե, լավն էր: Ինչ վերաբերում է բուն թեմային, ապա այդ ծրագրերի պատասխանատուներն իրենց պարզաբանումները տվել են, այլ հարց է, որ պատգամավորին չեն բավարարում դրանք: Միշտ էլ կարելի է չբավարարվել արվածով ու պահանջել ավելին»,- ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորն էլ հակադարձեց. «Շինարար Պետոն էլ իր բացատրություններն ուներ այդ մանրապատման մեջ, սակայն հարցը ուրիշ կերպ լուծվեց` Պետոն բողոքեց բնակարանի տիրոջը` ասելով, մինչեւ հիմա ինչո՞ւ կարգին չէիր ասում: Եթե կառավարությանը կարգին ասող խորհրդարան լիներ, երեւի ուրիշ կերպ լիներ ամեն ինչ: Ուղղակի մեր կառավարությանը կարգին ասող չկա, որ պարտավորությունները պետք է իրականացնել ճշգրիտ»,- ասաց պատգամավորը: