Թեւան Պողոսյանն իր խոսքն ուղղեց աշխարհասփյուռ հայությանը
ОбществоԱյսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն իր խոսքն ուղղեց աշխարհասփյուռ հայությանը,- հայտնում է ORER.am-ը:
«Մեզնից շատերն են այս օրերին ստիպված եղել հեռախոսով բացատրել արտերկրի հարազատներին կամ ընկերներին, անգամ թեթև կշտամբել, երբ մտահոգ կամ վախեցած հեռախոսազանգ են ստացել իրավիճակի վերաբերյալ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, թե շատ լավ հասկանում է, որ Հայաստանի և նրա շուրջ տեղի ունեցող դեպքերի մասին լրատվություն ընթերցելուց դրսից ամեն ինչ շատ ավելի գույները խտացված է ընկալվում:
«Հետո կան նաև լրատվության առանձնահատկությունները, որոնք ընթերցողը հաճախ չի էլ տեսնում. չէ՞ որ որևէ լրատվական չի նստում ու պատմում, թե ինչ գեղեցիկ է այս օրերին Հայաստանի բնությունը կամ ինչ հրաշալի ժամանակ կարելի է անցկացնել, ասենք, Սիրահարների այգում կամ Երևանի շուկաների առաջին բանջարեղենի համը որքան անմահական է և այլն: Նրանք լուրեր են հաղորդում, որոնք ինչպես աշխարհի բոլոր ծայրերում, իրադարձություններին են վերաբերում, հաճախ այնպիսինների, որոնք սուր են և ընթերցող են գրավում»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ մեր հայրենակիցներն աշխարհի տարբեր ծայրերում արթնանում ու կարդում են լրատվություն այն մասին, թե թուրքերն ինչ ասեցին, ադրբեջանցիների ինչ հերթական տգիտություն են մոգոնել, որտեղ վրաերթ եղավ, ով ում է մեղադրում կաշառակերության մեջ և այլն:
«Հավաքական տպավորությունը պարզ է, թե ինչպիսին է լինում: Ինքս հարյուր անգամ իմ վրա եմ զգացել նույնը: Բայց դա իրականության ամբողջական պատկերը չէ, բարեկամնե՛ր, լրատվություն կարդալուց չպետք է դա ընկալել՝ որպես կյանքը Հայաստանում: Հայաստանն այս պահին, իմ խորին համոզմամբ, աշխարհի լավագույն վայրն է այցելելու, լավ սնվելու, լավ արև ընդունելու, ատամ բուժելու, ընտիր մրգեր համտեսելու, ուրախ երեկոներ անցկացնելու, տեսարժան վայրեր գնալու համար: Հայաստանում անվտանգ է, սիրելի՛ բարեկամներ, հիշե՛ք սա, խնդրո՛ւմ եմ ու փոխանցեք բարեկամներին ու ծանոթներին: Հիշե՛ք ու պատրաստվեք այստեղ գալ ամռանը: Մի՛ լսեք տարբեր պատճառներով աշխարհավերջի մասին պատմություններ տարածողներին:
Հայաստանը մեր դրախտն է, հայաստանցիներն էլ ընտիր մարդիկ են: Վստահաբար եմ ասում: Սա չի նշանակում, թե Հայաստանում խնդիրներ չկան: Կան, այն էլ ինչքան ուզեք: Բայց դրանք ոչ ոք, եթե անգամ շատ ուզի, չի կարող թաքցնել և երկրորդ, դիմադրող պատն էլ երկար չի դիմանալու: Սա էլ եմ վստահաբար ասում»,- ասաց Թեւան Պողոսյանը: