ՀԲ-ն վատացրել է Ադրբեջանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները
ЭкономикаՀամաշխարհային բանկը հայտնել է, որ 2016 թվականին Ադրբեջանի տնտեսության մեջ 1,9 տոկոս նվազում է սպասվում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է ՀԲ-ի 2016 թվականի հունիսին հրապարակված «Գլոբալ տնտեսական սպասումների զեկույց»-ում (GEP):
Զեկույցի հունվարյան հրապարակման մեջ ՀԲ-ն Ադրբեջանի տնտեսության 0,8 տոկոս աճ էր կանխատեսել:
Marja.az կայքը հայտնում է, որ վերջին զեկույցում ՀԲ-ն հավաստիացրել է, որ Ադրբեջանի տնտեսությունը 2017 թվականին կաճի 0,7 տոկոսով, 2018 թվականին` 1,3 տոկոսով: Նախորդ զեկույցում ՀԲ-ն 2017 թվականին Ադրբեջանի տնտեսության 1,2 տոկոս, 2018 թվականին` 2,7 տոկոս աճ էր կանխատեսել:
Ապրիլի սկզբին ՀԲ-ի Ադրբեջանի գծով մենեջեր Լարիսա Լեշչենկոն հայտնել էր, որ Ադրբեջանի տնտեսության հետ կապված բանկի կանխատեսումները կարող են փոխվել, քանի որ դրա վրա նշանակալից աստիճանի ազդեցություն թողնող հիմնական գործոններ են հանդիսանում նավթի գների նվազման հետ կապված սպասումները եւ բանկային հատվածում տարվող համախմբումը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ միջազգային վարկանիշային Moody`s գործակալությունը պահպանել է առաջիկա 12-18 ամիսների համար Ադրբեջանի բանկային հատվածի գծով իր բացասական կանխատեսումը:
«Դա արտահայտում է գործակալության կարծիքն այն մասին, որ նավթի գների անկման եւ ազգային արժույթի փոխարժեքի նվազման պատճառով բանկային հատվածի վրա ունեցած նեգատիվ ազդեցության արդյունքում Ադրբեջանի տնտեսությունը մինչեւ 2016 թվականի վերջը կմնա հետընթացի մեջ», -նշվում է Moody`s-ի զեկույցում:
Գործակալության գնահատականներով, 2015 թվականի ընթացքում ազգային արժույթի մոտ 100 տոկոսով արժեզրկման հետ համադրմամբ ստեղծված բարդ գործառույթային միջավայրը կբերի ադրբեջանական բանկերի ակտիվների որակի, նրանց եկամտաբերության հետագա վատացմանը, խնդիրներ կստեղծի կապիտալացման եւ ֆինանսավորման հետ:
«Մենք սպասում ենք Ադրբեջանում խնդիր ունեցող վարկերի տեսակարար կշռի մոտ 20 տոկոս աճ` 2015 թվականին եղած 16 տոկոսի դիմաց: Դա կապված է այն բանի հետ, որ թույլ մանաթը մեծացնում է փոխառուների վարկային բեռը», -նշել է Moody`s-ի փոխնախագահ Մարիա Մալյուկովան:
Բացի այդ, զեկույցում ընդգծվում է, որ վարկերի գծով աճող ծախսերը, ամենից առաջ, կբերեն բանկերի շահութաբերության եւ կապիտալացման հետագա իջեցման:
Գործակալությունը նշում է բանկերի ֆինանսավորման պայմանների թուլացումը, որը կապված է հիմնականում մանաթի նկատմամբ վստահության կորստով:
«Արտարժույթով դեպոզիտների տեսակարար կշիռը հասել է 82 տոկոսի` 2015 թվականին եղած 50 տոկոսի դիմաց: Դա մեծացնում է փոխանակման կուրսի հետագա կայունության նկատմամբ բանկերի խոցելիությունը», -ընդգծում է Moody`s-ը:
Ադրբեջանցի տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին կանխատեսում է, որ առաջիկա ամսվա ընթացքում ադրբեջանական մանաթի փոխարժեքը դոլարի նկատմամբ ավելի կիջնի` հասնելով մեկ դոլարի դիմաց 1,65 մանաթի` բացատրելով դա արտաքին առեւտրային շրջանառության եւ բանկերի կողմից դոլարի նկատմամբ պահանջարկի որոշակի աճով: