Հայաստանն ակնկալում է չեխական ավիաընկերությունների վերադարձը հայկական ավիացիոն շուկա
ЭкономикаՀայաստանը հույս ունի, որ չեխական ավիաընկերությունները կվերադառնան հայկական ավիացիոն շուկա ու կվերականգնեն Հայաստանի ու Չեխիայի միջև ուղղակի օդային կապը:
Երկկողմ գործարար համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում հույս հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
«Հարցը քննարկել ենք և միջկառավարական հանձնաժողովի, և պետական շփումների շրջանակներում: Մեր կողմից ամբողջական պատրաստակամությունը կա, և խոսքն այստեղ վերաբերում է չեխական ավիաընկերությունների բիզնես գորընթացների հաշվարկմանը: Հույս ունենք մի օր տեսնել, որ չեխական ավիաընկերությունը վերականգնել է իր չվերթները դեպի Հայաստան, քանի որ ուղղակի կապը նպաստում է մարդկանց շփմանն ու գործարարության զարգացմանը»,-ասաց փոխնախարարը:
Նա թյուր համարեց այն կարծիքը, թե Հայաստանը եկամտաբեր չի չեխական ավիաընկերությունների համար` վստահեցնելով, որ առկա է զբոսաշրջային հոսքի շարունակական աճ: «Այստեղ հարցն առնչվում է չեխական ավիաընկերության սեփականատերերի կողմից բիզնեսի ու աշխարհագրության հետ կապված որոշակի հարցերի պլանավորման հետ, որպեսզի հետագայում վերադառնան ու հնարավոր լինի վերականգնել չվերթները»,-հավելեց Մելքոնյանը:
Չեխիայի ԱՊՀ երկրների առևտրի պալատի նախագահ Ֆրանտիշեկ Մասոպուստը ևս հույս հայտնեց, որ «Չեխական ավիաուղիները» կվերականգնի իր թռիչքները դեպի Երևան` նշելով, որ հարցը իրենց գործունեության տիրույթում չէ: «Խնդիրն այն է, որ այդ ընկերությունը մեծ չէ, իր սահմանափակումներն ունի: Ես հույս ունեմ, որ այս ամռանը որևէ փոփոխություն կլինի նշյալ հարցում»,-հույս հայտնեց չեխ պաշտոնյան:
«Չեխական ավիաուղիներ»-ը դադարեցրել է Պրահայից Երևան չվերթները 2014-ի հոկտեմբերին: 2015-ի սեպտեմբերին հայտարարվեց, որ թռիչքներ կիրականացվեն 2015թ. դեկտեմբերի 13-ից մինչև հունվարի 16-ը: