Հայաստանի զարգացման հիմնադրամը պատրաստ է օժանդակել չեխ գործարարներին
ЭкономикаՀայաստանը լավագույն հարթակ կարող է ծառայել չեխ գործարարների համար մի քանի կարևոր շուկաներ մուտք գործելու տեսանկյունից:
Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Կարեն Մկրտիչյանը:
«Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ` կարելի է Հայաստանում ապրանքներ արտադրել ու արտահանել այդ միություն առանց մաքսային վճարների: Բացի այդ` Հայաստանն ունի GSP+ արտոնյալ ռեժիմը Եվրամիության երկրների հետ: Հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը` այն չեխ գործարարներին հնարավորություն կտա մուտք գործել իրանական շուկա»,- նշեց հիմնադրամի ղեկավարը: Նա նկատեց, որ չեխ գործարարները կարող են Հայաստանում հաստատվել իրանական շուկան ուսումնասիրելու համար:
Նրա խոսքով` Հայաստանի հաջորդ գրավչությունը զարգացած ու համեմատաբար ոչ թանկ աշխատուժն է, ինչպես նաև ազատական գործարար միջավայրը: Կարեն Մկրտիչյանը շեշտեց նաև ներդրողներին ՀՀ կառավարության կողմից տրամադրվող խթաններն ու ազատ հարկային ռեժիմները: Նա նշեց, որ Հայաստանն ԱՊՀ տարածքի ամենաազատական երկրներից է գործարարությամբ զբաղվելու գործընթացի դյուրինությամբ:
Խոսելով հիմնադրամի գործունեության մասին` Կարեն Մկրտիչյանը վստահեցրեց, որ իրենք պատրաստ են օժանդակել ցանկացած ձեռնարկության` հիշեցնելով, որ հիմնադրամի գործունեության երեք հիմնական ճյուղերը արտահանումը, ներդրումն ու զբոսաշրջությունն են:
«Լինելով ցամաքով շրջապատված երկիր` մենք ներդրում ենք կատարում մարդկային կապիտալի վրա, տեխնոլոգիաների, արդյունաբերության ու գիտության ոլորտում»,-հավելեց պաշտոնյան: